.jpg)
Գալուստ Սահակյան. Սերժ Սարգսյանը հնարավոր է այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին
Իշխանությունը գոհ է ընտրությունների արդյունքներից, քանի որ բոլոր թեկնածուները հնարավորություն ունեցան պայքարել հավասար մրցակցային պայմաններում, արդյունքում` ձևավորվեց նաև կայուն ընդդիմադիր դաշտ: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլին` Գ. Սահակյանն ասաց, թե յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում պայքարի իր ձևը, սակայն իր համար ընդունելի չէ հացադուլի տարբերակը:
«Ինձ համար Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե «միայն իմ դիակի վրայով կլինի երդմնակալություն, երևի լեզվի սայթաքում է, իսկ եթե ոչ, ուրեմն անլուրջ է»,- ասաց Գ. Սահակյանը` հավելելով, թե տրամաբանական չէ այսկերպ ժողովրդին առաջնորդելը:
«Սերժ Սարգսյանը և նրա թիմը երբեք չեն գնա յուրայինների դիակների վրայով անցնելու ճանապարհով: Սերժ Սարգսյանը շատ դիակներ է տեսել իր կյանքի ճանապարհին և կարողացել է ցավել նրանց համար…. Սերժ Սարգսյանը կերդվի Սահմանադրության համաձայն»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է հետագա քայլերին, Գ. Սահակյանը նկատեց, որ եթե հասարակությանը պետք լինի, ապա Սերժ Սարգսյանը հնարավոր է այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին, «նա հանդուրժող մարդ է»: