Ս. Ֆրեյզեր. Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով
11/03/2013 17:31

Ս. Ֆրեյզեր. Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով

«Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, և ես շատ հետաքրքրիր քննարկումներ եմ ունեցել երկրի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ: Մենք քննարկել ենք 3 հիմնական խնդիրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գործում Երևանի կատարած քայլերը և տարածաշրջային խնդիրները՝ այդ թվում ղարաբաղյան հիմնախնդիրը»,- այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հարավային Կովկասում աշխատանքային այցով գտնվող Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը:

Նա նշեց, որ վերջերս գործարար առաքելություն են ուղակել Հայաստան, քանի որ  հետաքրքրված են ներդրումներ կատարել Հայաստանում ու փորձում են աջակցել այն բրիտանական ընկերություններին, որոնք ցանկանում են աշխատել Հայաստանում:

«Բրիտանական կողմը ցանկանում է ներկայացվածություն ունենալ Հայաստանի հանքաարդյունաբերական ոլորտում, ինչպես նաև՝ զարգացնել երկկողմ առևտրային հարաբերությունները նաև այլ ոլորտներում»,- նշեց Ս. Ֆրեյզերը:

Ս. Ֆրայզերը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս կարող է անդրադառնալ Ֆոլկլենդյան կղզիներում կարգավիճակի հետ կապված հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա, նա նշեց, որ իրենք աջակցում են Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին և շատ կարևոր է խնդիրը լուծել այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են Մինսկի խմբի կողմից:

Նրա խոսքով՝ պետք է աջակցել Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին՝ ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ, քանի որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով ՝ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: 

Ս. Ֆրեյզեր. Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով