Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանին
13/03/2013 19:26

Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Այս մասին հայտնել է ԱԱԽ-ի մամուլի ծառայությունը:

Արթուր Բաղդասարյանը շնորհավորհել է դեսպանին նշանակման հետ կապված և մաղթել հաջողություն պաշտոնավարման ընթացքում:

Բարձ գնահատելով Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն ավելի կզարգանան:

Նա նշել է, որ հայ-հնդկական հարաբերություններն ունեն պատմական անցյալ և կարևորել է այդ հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունը:

ԱԱԽ քարտուղարը փաստել է, որ այսօր արդեն իսկ առկա է քաղաքական և տնտեսական համագործակցության բավականին բարձր մակարդակ և ընդգծել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև քաղաքական տարաձայնությունների բացակայությունը և միջազգային կառույցների շրջանակներում դիրքորոշումների և տեսակետների ներդաշնակությունը մեծապես նպաստում են երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը:

Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ արձանագրել է, որ 2011թ. Հնդկաստան կատարած իր այցի շրջանակներում Հնդկաստանի Ազգային անվտանգության քարտուղարի հետ հանդիպումը և առ այսօր շարունակվող պարբերական երկխոսությունը նոր թափ հաղորդեցին անվտանգության ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը:

Երկուստեք կարևորվել է Հայաստանի եւ Հնդկաստանի անվտանգության խորհուրդների միջև համագործակցության հետագա խորացման հարցը:

Արթուր Բաղդասարյանը կարևորել է իր պաշտոնակցի պատասխան այցը Հայաստան, որի ընթացքում կստորագրվի երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր, որը հիմք կհանդիսանա Անվտանգության խորհուրդների միջև սերտ համագործակցության համար:

Դեսպանը նունպես բարձր է գնահատել երկու երկրների` դարավոր պատմություն ունեցող ջերմ հարաբերությունները և շեշտել, որ Հնդկաստանը նույնպես պատրաստ է խթանել առկա համագործակցությունը և փոխգործակցության նոր ուղիներ նախանշել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում:

Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են երկու երկրների միջև անվտանգության, ռազմական արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ բնագավառներում համագործակցության խորացմանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանին