Մեկնարկել է Էդ. Նալբանդյանի այցը Բեռլին
14/03/2013 10:35

Մեկնարկել է Էդ. Նալբանդյանի այցը Բեռլին

Բունդեսթագում ներկայացված տարբեր կուսակցությունների պատգամավորների հետ հանդիպումով մեկնարկել է  ԱԳ Նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բեռլին։ Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ  կապերի վարչությունից:

Նախարար Նալբադյանը, գոհունակություն հայտնելով Հայաստանի և Գերմանիայի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, հատկապես կարևորել է  երկու երկրների խորհրդարանների միջև առկա սերտ համագործակցությունը՝ օրենսդիր մարմինների ղեկավարների փոխայցելությունները, միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում։

Տեղի է ունեցել  մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանը մանրամասն ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Այնուհետև, աղբյուրի փոխանցմամբ,  Էդվարդ Նալբանդյանը հանդիպում  է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են  հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Նույն օրը երեկոյան ՀՀ արտգործնախարարը հյուրընկալվել է Գերմանիայի Արտաքին քաղաքականության խորհրդում, որտեղ հանդես է  եկել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով, պատասխանեց ներկա ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, քաղաքագետների և լրագրողների բազմաթիվ հարցերին: 

Մեկնարկել է Էդ. Նալբանդյանի այցը Բեռլին