.jpg)
«Ժառանգությունը» հանրահավաքներ կանցկացնի մինչև ապրիլի 10-ը
Քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումն այն մասին, որ մինչև ապրիլի 10-ն Ազատության հրապարակում կուսակցությունը կարող է հանրահավաք անցկացնել: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Նկատենք, որ մինչև այս, քաղաքապետարանն ի գիտություն էր հանրահավաքներ անկցանել մինչև մարտի 20-ը , ապա` ևս մի քանի օր` ընդմիջումներով:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չի ընդունում իր պարտությունն ընտրություններում, մարտի 10-ից անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, որտեղ գրեթե ամեն օր անցկացնում է նաև բացօթյա ասուլիսներ:
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում ժամը 17-ին նախատեսված է Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը կամ, ինչպես ինքն է ասում, «հաղթահավաքը»: