Ջհանգիրյան. Հացադուլը շատ թույլ քաղաքական քայլ է
18/03/2013 15:57

Ջհանգիրյան. Հացադուլը շատ թույլ քաղաքական քայլ է

«Երբ ես նստած էի մենախցում, իսկ իմ քաղբանտարկյալ գործընկերները հացադուլ էին անում, երբեք չեմ միացել այդ ակցիային: Հացադուլը շատ թույլ քաղաքական քայլ է քաղաքական պայքարի պրոցեսում: Առավել ևս այն դեպքում, երբ պաշտոնական տվյալներով,  բնակչության 36 տոկոսը աղքատության շեմին է և թերսնվում է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլի մասին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` ընդգծելով, որ հացադուլ հայտարարելու մեջ իմաստ չի տեսնում:

Հարցին, թե հնարավո՞ր է այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին և հացադուլը դադարեցնելու կոչ անի, Գ. Ջհանգիրյանը նկատեց, թե բարոյական իրավունք չունի, քանի որ նրա թիմի անդամ չէ: Միևնույն ժամանակ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ իրենց խմբակցությունից Հովհաննիսյանին արդեն այցելել են:

ՀԱԿ պատգամավորն Ազատության հրապարակում  իրականացվող քայլերն անտրամաբանական  է համարում` նկատելով, թե գործողությունների հստակ պլան չկա:

«Եթե Ազատության հրապարակում ընթացող գործողությունների ղեկավարը լիներ ՀԱԿ-ը,  ես կարող էի գնահատականներ տալ, սակայն այս դեպքում ես խորհրդական չեմ»,- եզրափակեց խոսքը Գ. Ջհանգիրյանը:

 

Ջհանգիրյան. Հացադուլը շատ թույլ քաղաքական քայլ է