.jpg)
Զուրաբյան. Շատ լուրջ քայլ կլինի, եթե բռնապետությունից խլենք քաղաքապետարանը
«Ժողովրդի համբերության բաժակը լցված է և բոլորը հասկանում են, որ լուրջ գործընթացներ են պետք այս բռնապետությունից ազատվելու համար: Եվ շատ լուրջ քայլ կլինի, եթե այս բռնապետությունից խլենք քաղաքապետարանը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, խոսելով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին, ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` չցանկանալով այլ մանրամասներ հայտնել ՀԱԿ ցուցակի հետ կապված:
Հասարակությունը, Զուրաբյանի խոսքով, կոնկրետ ՀԱԿ-ից ավելին է սպասում: Նա վստահ է, որ ավագանու ընտրություններում իրենք անցողիկ շեմը հաղթահարելու են: «Կոնգրեսը այսօր ամենահզոր քաղաքական ուժն է, եթե խոսքը զուտ գաղափարական և մարդկային ռեսուրսների մասին»,- ասաց Լ. Զուրաբյանը` ընդգծելով, թե օրինական ընտրությունների դեպքում, լինի դա նախագահական, խորհրդարանական, թե Երևանի ավագանու, ՀԱԿ-ը կտաներ հաղթանակ:
Անդրադառնալով ԲՀԿ-ի հայտարարությանը, թե Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ ուժերը պետք է համախմբեն ԲՀԿ-ի առանցքի շուրջ, Լ. Զուրաբյանը նկատեց, թե եթե խոսքը միասնական ցուցակի մասին լիներ, ապա այդտեղ ինչ-որ ուժ կարող էր ասել, թե ավելի շատ տեղ պետք է ունենա և այլն, բայց եթե խոսքը հավասար համագործակցության մասին է, ապա այստեղ առանցքի մասին խոսք լինել չի կարող: