.jpg)
«Եթե Ս. Սարգսյանն ու Ր. Հովհաննիսյանը հանդիպեն՝ գաղտնիքներ կբացահայտվեն»
Ստեղծված քաղաքական իրավիճակը բավականին ծանր է ու կարող է պայթյունավտնագ լինել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
Անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին ու Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին՝ Թովմասյանն ասաց, որ այցելել է նախագահի նախկին թեկնածուին ու հետաքրքրվել նրա առողջությամբ: Սակայն, Թովմասյանի խոսքով, ՀԿԿ-ն ու «Ժառանգությունը» գաղափարական տարաձայնություններ ունեն: ՀԿԿ-ն առաջին քարտուղարն ասաց նաև, որ հացադուլ անելը նախագահի թեկնածուին սազական չէ:
ՀԿԿ առաջին քարտուղարը մտահոգություն հայտնեց Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ, թե միայն իր դիակի վրայով Սերժ Սարգսյանը կանցնի պարտականությունների կատարմանը, նա նշեց. «Հովհաննիսյանին խելացի մարդ եմ համարում, կարծում եմ, նա հենց այնպես ոչինչ չէր ասի»:
Թովմասյանը քիչ հավանական է համարում պաշոնական տվյալներով ընտրություններում 1-ին ու 2-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուների հանդիպումը Ազատության հրապարակում, քանի որ «կարող են մի շարք գաղտնիքներ բացահայտվել»:
Բանախոսը նշեց, թե ստեղծված իրավիճակը ոչ մի լավ բանի չի բերի ու միևնույն է տառապելու է ժողովուրդը: Նրա խոսքով՝ հավաքվածներին կառավարելը հեշտ բան չէ, ինչ-որ պահի ժողովուրդը կարող է անկառավարելի դառնալ. «Իշխանությունները, այժմ էլ ունակ են գնդակահարել խաղաղ ժողովրդին»: