.jpg)
Տիգրան Կարապետյան. Բարև, կարմիր արև, է հետո՞
Նախագահական ընտրություններում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, և այդ հաղթանակը պայմանավորված է նրանով, որ իշխանությունների «Ապահով Հայաստան» կարգախոսը չի համապատասխանում իրականությանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:
Հասարակության մի ստվար զանգվածի մոտ, Տ. Կարապետյանի խոսք ով, ատելություն կար իշխանությունների նկատմամբ, այդ պատճառով էլ մարդիկ իրենց քվեն տվեցին Ր. Հովհաննիսյանին:
«Րաֆֆի Հովհաննիսյանի նկատամբ իմ վերաբերմունքին ծանոթ եք, բայց նրան շնորհավորում եմ»,- ասաց Տ. Կարապետյանը:
Նա, սակայն, կարծում է, որ Ր. Հովհաննիսյանի տարած պայքարն արդյունք չի տա. «Ցավալի է, սակայն իշխանափոխություն լինում է միայն դաժան պայքարի միջոցով, թե չէ բարևի հեղափոխությունը ո՞րն է: Ասենք բարև, կարմիր արև, է հետո՞….»:
Միևնույն ժամանակ ԺԿ նախագահը կարծում է, որ իշխանությունների հետ հանդիպումներն իմաստ չունեն, քանի որ արդյունք չեն տալիս:
«Այս իշխանությունները պատրաստ են մահանալ իրենց աթոռի համար, իսկ նրանց հետ լուծում հնարավոր չէ»,- ասաց Տ. Կարապետյանը:
Որպես հանգուցալուածում` ԺԿ նախագահը կարծում է, որ ժողովուրդը պետք է կանգնի Ր. Հովհաննիսյանի կողքին. «Րաֆֆին տանում է իր պայքարը, ժողովուրդը չպետք է հոգնի, պետք է անընդհատ նրա կողքին լինի, սակայն փորձը ցույց է տվել, որ ժամանակի ընթացքում ժողովուրդը, շարժումը մարում է»: