Ադիբեկյան. ԲՀԿ ու «Ժառանգության» առաջին անունները լավ չեն ընտրված
22/03/2013 14:24

Ադիբեկյան. ԲՀԿ ու «Ժառանգության» առաջին անունները լավ չեն ընտրված

Ընդդիմադիր ձայների քանակը սահմանափակ է ու այդ ձայները բաժանելու համար մի առանձին պայքար է գնալու ավագանու ընտրությունների ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ադիբեկյանն անդրադարձավ նաև ներկայացված ուժերի ցուցակների առաջին համարներին առանձին-առանձին.

«ՀՀԿ-ի ցուցակը Տարոն Մարգարյանի անունով սկսելը դրական եմ գնահատում, քանի որ Մարգարյանն արդեն բավականին դրական անուն է ձևավորել: ԲՀԿ-ի դեպքում սխալ եմ համարում Օսկանյանի ընտրությունը, քանի որ այս կուսակցությունն աչքի է ընկնում սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու իր քաղաքականությամբ, իսկ Օսկանյանը նման հարցեր լուծող կերպար չէ: Կարող էին դնել թեկուզ Ծառուկյանին: Վատ ընտրություն եմ համարում նաև «Ժառանգությանը»: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է վայր դներ իր «ես նախագահ եմ ընտրվել» դիմակն ու առաջնորդեր ցուցակը: Արմեն Մարտիրոսյանը չի կարող մարդկանց իր հետևից այնպես տանել, ինչպես դա անում է Րաֆֆին»,- ասաց սոցիոլոգը:

Ահարոն Ադիբեկյանը դրական գնահատեց ՀԱԿ-ի ցուցակը, բացատրելով որ նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին շատերը կհիշեն ու շատերն են հարգում: ՕԵԿ-ը ևս ճիշտ ընտրություն է կատարել.
«Արմեն Երիցյանը հաճախ է երևում մարվող հրդեհների ֆոնին ու կարևորը չունի կաշառակերի համբավ»,- բացատրեց Ահարոն Ադիբեկյանը:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա, ըստ սոցիոլոգի, այս կուսակցության անունը արդեն իսկ բրենդ է, բայց դրա առաջնորդները չեն համապատասխանում քաղաքապետի կերպարին.

«Տեսեք, Կոկա-Կոլան ամենահայտնի բրենդերից է, բայց ամեն տարի միլիոնավոր դոլարներ են ծախսվում դրա գովազդի վրա: Այդպես էլ ընտրություններն են, դրանք առաջին հերթին գովազդի լավ տեղ են: Շատ ուժեր, այդ թվում` ՀՅԴ-ն, առաջադրվում են իրենց մասին հիշեցնելու համար»,- ավարտեց սոցիոլոխը:
 

Ադիբեկյան. ԲՀԿ ու «Ժառանգության» առաջին անունները լավ չեն ընտրված