Հայաստան է այցելելու ԵԽ Գլխավոր քարտուղարը
22/03/2013 20:26

Հայաստան է այցելելու ԵԽ Գլխավոր քարտուղարը

Մարտի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակությանը, որի կազմում են ԵԽ-ում Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի և Իռլանդիայի դեսպանները:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավվել է կազմակերպության աշխատանքներում, ինչպես նաև ԵԽ տարբեր կառույցների օժանդակությամբ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ է իրականացրել, որոնց արդյունքը համապատասխան գնահատականի է արժանացել բազմաթիվ միջազգային կառույցների զեկույցներում և վարկանիշային աղյուսակներում:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ս.թ. մայիսին մեկնարկող Հայաստանի՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում նախագահությանն առնչվող մի շարք հարցերի: Այս առումով նախարար Նալբանդյանը նշեց, որ ապրիլին Հայաստան է այցելելու ԵԽ Գլխավոր քարտուղարը և այդ այցելության ընթացքում կվերջնականացվեն հայկական նախագահության գերակայությունները և միջոցառումների ծրագիրը:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
 

Հայաստան է այցելելու ԵԽ Գլխավոր քարտուղարը