.jpg)
Գառնու դիտարանը ի զորու է կանխատեսել երկրաշարժը առնվազն 18 ժամ առաջ
«Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի վերագործարկումը շատ կարևոր նշանակություն ունի ազգային անվտանգության ապահովման համար»,- այսօր լրագրողներին ասել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ այցելել էր Գառնու դիտարան, որը եզակի գիտահետազոտական կենտրոն է Ասիայում և Արևելյան Եվրոպայում: Արթուր Բաղդասարյանն ու Արմեն Երիցյանը շրջայց են կատարել դիտարանում, տեղում ուսումնասիրել դիտարանի ներկա վիճակը, քննարկել վերագործարկման և վերազինման հնարավորությունները: Այս մասին հաղորդում են Ազգային անվտանգության խորհրդից:
Արթուր Բաղդասարյանը նաև նշել է, որ համալիրն ունի ռազմավարական նշանակություն Հայաստանի համար. «Ես մի քանի օր առաջ այցելեցի Բյուրականի աստղադիտարան, որը համարվում է ազգային արժեք: Ես կարծում եմ, որ այս համալիրը նույնպես պետք է դասել ազգային արժեքների շարքին, որովհետև աշխարհում երկրորդ հզորագույն ենթակառուցվածքն է: 12 000 կմ շառավղով գործող կայանը ի զորու է կանխատեսել երկրաշարժը առնվազն 18 ժամ առաջ` հնարավորություն տալով կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել: Մենք, oգտագործելով այս կայանի հզորությունները, կարող ենք ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի հեռավոր տիրույթում լուրջ աջակցություն ցուցաբերել ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը այլ նաև բազմաթիվ այլ երկրների: Կարճ ժամկետներում դիտարանը կվերազինվի և կվերագործարկվի»:
Արթուր Բաղդասարյանը հավելել է, որ ֆինանսական ռեսուրսներ են ներգրավվելու կայանը արդիականացնելու և ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու համար: Խորացվելու է նաև միջազգային համագործակցությունը նմանատիպ կայանների հետ, ինչը հնարավորություն կտա Հայաստան բերել աշխարհի` այս ոլորտում լավագույն փորձն ու գիտելիքները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշել է, որ դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղևի լարված դեֆորմացիոն վիճակը, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը, և որպես հեռահար կարևորագույն գիտական և սոցիալական խնդիր՝ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:
Արմեն Երիցյանը նույնպես վստահություն հայտնեց, որ շատ կարճ ժամկետներում հնարավոր կլինի իրականություն դարձնել դիտարանի վերագործարկման ծրագիրը և արդյունավետ աշխատանքը: