Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը կշարունակի  Կովալենկոյի ուղենիշը
25/03/2013 11:32

Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը կշարունակի Կովալենկոյի ուղենիշը

«Հայաստանի հետխորհրդային շրջանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն ամենափորձառու դիվանագետն էր և պատահական չէ, որ նա եղել է Ռուսաստանի դեսպանը Վրաստանում ամենալարված շրջանում, որտեղից էլ բերեց իր թիմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպանի փոփոխության հարցին` ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Նախկին դեսպանը մեծ աշխատանք  է տարել նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև 2010 թ.-ի երկկողմ մեծ պայմանագրի կնքման հարցում, բացի այդ, Կովալենկոն բավականին խորը տեղեկություններ ուներ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ»,- ասաց Ս. Մինասյանը:

Ըստ բանախոսի` Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը նույնպես բավականին տեղեկացված է Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ և նաև Ռուսաստանի արտգործնախարարությունում աշխատաքային մեծ փորձառություն ունի:

Մինասյանի խոսքով` նոր դեսպան Վոլինկինը կշարունակի Վյաչեսլավ Կովալենկոյի դիվանագիտական ուղենիշը և կօգտագործի դիվանագիտական իր մեծ փորձառությունը՝ հայ-ռուսական հարաբերություններն ավելի ամրապնդելու համար:

Քաղաքագետը հավելեց, որ նոր դեսպանը շեշտը դնելու է հայ-ռուսական ռազմա-քաղաքական, առևտրա-տնտեսական հարաբերությունների խորացման վրա, ինչպես նաև` մեծ ուշադրություն է դարձվելու ղարաբաղյան հակամարտության քաղաքական լուծմանը: 

Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը կշարունակի Կովալենկոյի ուղենիշը