.jpg)
«Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցություններից կշահի ժողովուրդը»
«Պետք է ողջունել Սերժ Սարգսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի բանակցությունները, քանի որ դրանից շահող է դուրս գալու ժողովուրդը, պետությունը և քաղաքական համակարգը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական և հետընտրական զարգացումներին ասաց ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Դավթյանը:
Նա նշեց, որ կարևորում է սահմանադրական մեխանիզմները. «Ընդդիմությունը կարող է ստանձնել հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարի և այլ վերահսկող մարմինների ղեկավարների լիազորությունները»,- ասաց Ա. Դավթյանը:
Նրա խոսքով` ընդդիմությունը, մասնակցելով այդ հանձնաժողովների աշխատանքներին, կնպաստի Հայաստանում իշխանությունների և ընդդիմությունների միջև հակակշռման և զսպման կայուն մեխանիզմների ձևավորմանը:
Իր հերթին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Անուշ Սեդրակյանը նշեց, որ քաղաքական գործընթացը այս նամակագրության հետևանքով մի քիչ անլրջանում է, և ընդդիմությունը տվյալ գործընթացում պետք է զգույշ լինի, քանի որ այս ընթացքին հետևում է ամբողջ հասարակությունը:
«Ընդդիմությունն իրավունք չունի այս գործընթացում ձախողվելու, և պետք է շարժվի հանրային շահերի առաջադրած սցենարով»,-ասաց Ա. Սեդրակյանը:
Ա. Սեդրակյանը, անդրադառնալով տարբեր հանձաժողովներում և կառավարման մեխանիզմներում ընդգրկվելու թեմային, նշեց, որ ընդդիմությունը, ընդգրկվելով այդ հանձնաժողովներում, կարող է արատավորվել և կորցնել ժողովրդի վստահությունը. «Ընդդիմությունը պետք է տիրապետի այն գործառույթներին, որոնք նրանց թույլ կտան մասնակցել հակակոռուպցիոն պայքարին և երկրում տեղի ունեցող բարեփոխումներին»,- նշեց բանախոսը: