ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել է իր նախագիծը
26/03/2013 17:47

ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել է իր նախագիծը

Մարտի 25-ին ԱԺ ՀՀԿ խմբակցությունն առաջարկ է փոխանցել Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցությանը` ՀՀ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու և նիստում Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն ընդունելու վերաբերյալ: Փոխանցվել է նաև ՀՀԿ նախագիծը:

ՀԱԿ լրատվական գրասենյակից հայտնում են, որ այսօր Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀԿ խմբակցության ղեկավարին է փոխանցել հնարավոր արտահերթ նիստում ընդունվելիք հայտարարության` «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության նախագիծը և տեղեկացրել, որ միայն նման նախագծի շուրջ կարող է կայանալ համաձայնություն: Նախագիծը ներկայացվում է ստորև.

«ՀՀ ԱԺ հայտարարությունը.

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական համերաշխության մթնոլորտը, հանրային և քաղաքական վստահության մթնոլորտն ամրապնդելու, առկա խնդիրները համատեղ ուժերով լուծելու անհրաժեշտության մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը
- մտահոգություն հայտնելով երկրում առկա լարված ներքաղաքական իրավիճակի, վտանգավոր հասարակական զարգացումների և ավերիչ ժողովրդագրական գործընթացների կապակցությամբ,
- գիտակցելով, որ երկրի զարգացման և այսօր առկա հրատապ խնդիրների լուծմանը կարելի է հասնել քաղաքացիական համերաշխության ապահովման հիման վրա,
հայտարարում է.

Հայաստանում թիվ մեկ քաղաքական խնդիրը ոչ օրինակարգ իշխանության գոյությունը և սահմանադրական կարգի խաթարվածությունն է, ինչի վերականգնման համար անհրաժեշտ է.
1. Ընտրական օրենսգրքում կատարել բոլոր այն փոփոխությունները, որոնք վերջին տարիներին առաջարկել է ընդդիմությունը՝ առավելագույնս բացառելու համար ընտրախախտումները։
2. Անցկացնել լսումներ և քաղաքական ուժերի ներկայացուցիչների քննարկումներ՝ արտահերթ նախագահական ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միջոցով Հայաստանում խաթարված սահմանադրական կարգի վերականգնման օրակարգով։

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է բոլոր քաղաքական ուժերն, քաղաքացական կառույցներին և ողջ հասարակությանը՝ նպաստելու համար այն անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը, որում հնարավոր կլինի իրականացնել կենսական դարձած այս խնդրի լուծումը»։

 

ՀԱԿ խմբակցությունը ներկայացրել է իր նախագիծը