«ԲՀԿ-ն չի միանա դեկլարատիվ հայտարարության, բարի ցանկությունների հռչակագրին»
27/03/2013 11:00

«ԲՀԿ-ն չի միանա դեկլարատիվ հայտարարության, բարի ցանկությունների հռչակագրին»

ՀՀԿ խմբակցությունը ներկայացրել է հայտարարության նախագիծ, որի տեքստը ԲՀԿ-ի համար անընդունելի է, քանի որ ընդհանրական է և ոչ կոնկրետ: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նա հիշեցրեց, որ իրենք առաջարկել էին  երկու կետերից բաղկացած  առաջարկ` Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ, որում առաջնահերթ պետք է լինի անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, ինչպես նաև`  սահմանադրական բարեփոխումներին ուղղված աշխատանքների նախաձեռնումը, որը, սակայն, ըստ Ն. Զոհրաբյանի, մերժվել է:

«ՀՀԿ-ն ներկայացրել է շատ ընդհանրական ձևակերպում` Ընտրական օրենսգրքի բարելավում, և ոչ մի կոնկրետ բան, բնականաբար` ԲՀԿ-ն այդ հայտարարությանը միանալ չի կարող»,- պարզաբանեց խմբակցության քարտուղարը:

Ինչ վերաբերում է արտահերթ նիստ գումարելուն, ապա պատգամավորը նկատեց, թե իրենք նման նիստ գումարելու ցանկություն կամ մտադրություն չունեն, սակայն եթե բոլոր խմբակցությունները նախաձեռնեն, ապա ԲՀԿ-ն պարտադիր կմասնակցի արտահերթ նիստին և իր մոտեցումները կարտահայտի:

Եզրափակելով խոսքը` Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ իշխանությունը պատրաստ չէ կոնկրետ քայլ կատարել, ուստի «ԲՀԿ-ն չի միանա դեկլարատիվ հայտարարության, բարի ցանկությունների հռչակագրին»:

Նախորդող հրապարակում` ՀՀԿ-ն պատրաստվում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
 

«ԲՀԿ-ն չի միանա դեկլարատիվ հայտարարության, բարի ցանկությունների հռչակագրին»