Է. Շարմազանով. ՀՀԿ-ն ավագանու ընտրություններում պայքարելու է հաղթելու համար
27/03/2013 17:57

Է. Շարմազանով. ՀՀԿ-ն ավագանու ընտրություններում պայքարելու է հաղթելու համար

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հանդիպեց Երևանի պետական համալսարանի և ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ, պատասխանեց Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունը:

Ուսանողների խնդրանքով նա անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության միավորման հնարավորությանը: Նրա գնահատմամբ՝ Հանրապետական կուսակցությունը մրցակցային պայքարի կողմնակից է և պայքարելու է հաղթանակի, Երևանի բարեկեցության, նրա զարգացման հեռանկարի համար:

Իսկ ընդդիմության միավորման հնարավորությունը, նրա կարծիքով, բավական մշուշոտ է, քանի որ ընդդիմությունը բազմաշերտ է, և նրանց միջև շարունակվում է պայքարը առաջինը լինելու համար:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և նախագահական ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված Րաֆֆի Հովհաննիսյանի միջև հնարավոր երկխոսությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ ինքը կողմնակից է քաղաքական խնդիրները քաղաքական ճանապարհով լուծելուն և ոչ թե անձնական վիրավորանքներով ու ծայրահեղ հայտարարություններով քաղաքական մթնոլորտը սրելուն:

Այս հարցում նա բարձր գնահատեց Հանրապետության նախագահի՝ դիմացինին լսելու պատրաստակամությունն ու օբյեկտիվ, կառուցողական որոշումներ կայացնելու կարողությունը, որոնք նպատակաուղղված են համերաշխ հասարակության օգնությամբ և փոխըմբռնման պայմաններում գոյություն ունեցող խնդիրներն օրինական ճանապարհով առավել արդյունավետ լուծելուն:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ իշխանությունը չպետք է առկա թերությունները կոծկելու մտայնությամբ առաջնորդվի, իսկ ընդդիմությունը՝ կատարվածը չտեսնելու և միայն թերությունները մատնանշելու ճանապարհն ընտրի:

Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ նաև կադրային քաղաքականությանը, քաղաքացիական հասարակության զարգացման գործում սոցիալական ցանցերի դերին, երկրի անվտանգության խնդիրներին ու Հայաստանի բազմավեկտոր ու հավասարակշռված արտաքին քաղաքականությանը:

 

Է. Շարմազանով. ՀՀԿ-ն ավագանու ընտրություններում պայքարելու է հաղթելու համար