28/03/2013 14:31
«Պարույր Հայրիկյանի հետ գումարի մասին խոսք ընդհանրապես չի եղել»
ԱԻՄ կուսակցության արտաքին կապերի համակարգող Կարո Եղնուկյանն այսօր գիշեր, թռիչքից առաջ է խոսել ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ: Նրա խոսքով` գումարի մասին որևէ խոսք ընդհանրապես չի եղել:
«Եվրոպական երկրների հիվանդանոցներում բուժման համար գումարի չափը հեռակա կարգով չի ասվում, քանի որ ոչինչ դեռևս հստակ չէ: Ենթադրում եմ, որ արդեն նրանք հասել են Հոլանդիա և առաջիկայում նա պետք է բուժզննության ենթարկվի: Հավանական է, որ վիրահատություն կարվի, սակայն դրա մասին խոսելը վաղ է: Այն, որ Առողջապահության նախարարությունը հանձն է առել հոգալ նրա վերականգնման ծախսերը, դա կա, սակայն թե ինչ գումարի մասին է խոսքը, դրա մասին որևէ բան չի ասվել»,-ասաց նա:
Պ. Հայրիկյանը Հոլանդիա է մեկնել իր կնոջ հետ:
Հիշեցնենք, որ Պ. Հայրիկյանը փետրվարի 1-ին ստացել էր աջ անրակի շրջանում հրազենային վնասվածք:
ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ` պահուստային ֆոնդից 2013 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ առողջապահության նախարարությանը կհատկացվի 20,500.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի 2013 թվականի ընտրություններում նախագահի թեկնածու Պարույր Արշավիրի Հայրիկյանի բուժումը արտերկրում իրականացնելու նպատակով: