.jpg)
Տ. Խզմալյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրել է Տրոյական ձիու տարբերակը
Վերջին քաղաքական զարգացումները հաճախ փորձում ենք վերլուծել անհաջող որսկանի պես, երբ ոչ թե գազանին են որսում, այլ՝ ստվերը: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հետընտրական զարգացումների մասին, նման կարծիք հայտնեց «Սարդարապատ» շարժման անդամ Տիգրան Խզմալյանը:
«Այն, ինչ կատարվում է այսօր, ոչ թե Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի կամ Պողոս-Պետրոսի պայքարն է, այլ` հետխորհրդային երկրներին բնորոշ զարգացումներ են: Եթե կարողանանք հասկանալ, թե որտեղ ենք գտնվում, այդ ժամանակ նոր կհասկանանք, թե ինչ է մեզ սպասում»,- ասաց Տ. Խզմալյանը:
Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման մասին` Խզմալյանը նկատեց, որ նրա հաղթանակն անխուսափելի է, «ինչպես անխուսափել է նաև Սերժ Սարգսյանի ղեկավարած ռազմաֆեոդալական ուժերի պարտությունը»:
«Սակայն Հովհաննիսյանը չի կարող միայնակ փոփոխությունների հասնել, իսկ եթե Ր. Հովհաննիսյանը չկարողանա շարժումը հասցնել հաղթանակի, ապա դա չի նշանակի, որ շարժումը կմարի՝ ընդամենը կփոխվի առաջնորդի անունը: Կարծում եմ` Րաֆֆին կգիտակցի և նրա քայլերը կլինեն ավելի համակարգված»,- ասաց Տ. Խզմալյանն` ընդգծելով, որ Հովհաննիսյանն իշխանությունը գրավելու հարցում ընտրել է Տրոյական ձիու տարբերակը:
«Րաֆֆին պետք է գիտակցի, որ միայնակ պայքարը դոնքիշոտություն է, իսկ ինքն ընտրել է դիրքային պայքար` չընդունելով նաև ծրագրի երկրորդ տարբերակը: Հուսով ենք՝ ապրիլի 9-ից առաջ և դրանից հետո Հովհաննիսյանի քայլերը կլինեն համակարգված, հակառակ դեպքում կրկին կփոխվի առաջնորդի անունը և մենք էլի ժամանակ կկորցնենք»,- մանրամասնեց Տ. Խզմալյանը: