01/04/2013 15:47
«Դա միակ հակասական մոտեցումը չէ, որ ցուցաբերել է Ր. Հովհաննիսյանը»
«Ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ասելով, որ հացադուլը քաղաքական պայքարի ձև է, ոչ թե ծոմ, սակայն հացադուլից դուրս գալուց հետո հայտարարեց, որ դա ծոմ էր և այդ քայլը որպես քրիստոնյա է կատարել: Սակայն դա միակ հակասական մոտեցումը չէ, որ ցուցաբերել է Րաֆֆի Հովհաննիսյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` Ր. Հովհաննիսյանի կողմնակիցների դիրքերը թուլացան այն պատճառով, որ կառավարությունում ինչ-որ պաշտոնների շուրջ խոսակցություններ եղան:
«Ընտրություններից հետո հրապարակում ստեղծված զգացմունքային, էներգետիկայով լի մթնոլորտը լիցքաթափվեց և պարպվեց ոչ թե Ր. Հովհաննիսյանի հացադուլի անարդյունավետության պատճառով, այլ այդ հացադուլի շուրջ հրապարակում սկսվեցին ժողովրդի մեջ կասկածներ: ՀԱԿ-ի դեպքում ևս այդպես եղավ, երբ շարժման առաջնորդները մտնում են իշխանությունների հետ սակարկելու դաշտ, ժողովուրդը սկսում է խորթանալ և հիասթափվել»,- ասաց քաղաքագետը:
Նրա համար անհասկանալի է, թե ինչ է նշանակում իշխանությունը կիսել ժողովրդի հետ. այն կամ վերադարձնում են ժողովրդին կամ օտարում ժողովրդից:
«Երբ Լևոն Զուրաբյանը հայտարարում էր, որ ջրբաժանը կա ու կա, մենք հիմա կգնանք, կերկխոսենք և եթե տեսնենք, որ այս ճանապարհը հաջողությամբ չի պսակվում, նորից ջրբաժան կհայտարարենք: Ես այն ժամանակ առարկեցի, որ ժողովուրդը խաղալիք չէ, նա ունի ինքնասիրություն: Ժողովուրդը կարող է գնա տուն և այլևս չվերադառնա: Այս ամենը հասկանալով՝ Ր. Հովհաննիսյանը հացադուլից դուրս գալուց հետո հայտարարում է հերթական տուռնե Հայաստանի մարզերում, քանի որ ընդդիմադիր մյուս ուժերը փորձում են վիճարկել ընդդիմադիր շարժման առաջնորդի դերում լինելու Ր. Հովհաննիսյանի իրավունքը»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: