.jpg)
«Ա1+»-ի տնօրեն. Հացադուլը ռացիոնալ քայլ չէր և ոչ մի բանի չբերեց
«Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի համար «Բարև Երևան» դաշինքի ցուցակում ընդգրկվելն անակնկալ էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Մովսիսյանը` պարտավորեցնող համարելով իրեն հատկացված տեղը:
«Ժողովրդական շարժման այդ ցանկում ներգրավվել եմ որպես անձ: Կուզեի, որ «Ա1+»-ը բաժանեիք իմ անձից, քանի որ ունեմ իմ իրավունքները՝ որպես ՀՀ քաղաքացի: Սակայն եթե կա ժողովրդական պահանջ, պատրաստ եմ լինել ցուցակում և պաշտպանել ժողովրդի իրավունքը»,- ասաց Մ. Մովսիսյանը:
Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին` Հ/Ը տնօրենը նշեց, թե առաջիկայում զարգացումներ չի ակնկալում, հակառակը` անկում է ակնկալում. «Անկելու է Սերժ Սարգսյանի թիմը, որն արդեն իր դարն ապրել է: Նա պետք է հանձնի իր դիրքերը, իսկ թե ում կհանձնի, դա այլ խոսակցություն է»,- ասաց նա` հավելելով, որ այդ մասին հստակ գիտակցում է նաև Սերժ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, ապա Մ. Մովսիսյանն ասաց, որ հացադուլը ռացիոնալ քայլ չէր և ոչ մի բանի չբերեց: