.jpg)
Լսումներ՝ Հաշմանդամների իրավունքների պաշտպանության մասին օրինագծի մասին
Ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ու «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ լսումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Լսումներին հրավիրված են եղել մասնակցելու պատգամավորներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշել է, որ սա հերթական քայլն է երկրի Սահմանադրության մեջ ամրագրված «սոցիալական պետության» կայացման ճանապարհին:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ լսումների նպատակն է վերականգնել հաշմանդամների իրավունքները, լուծել նրանց մտահոգող խնդիրները՝ կապված հիվանդությունների, աշխատանքի, տեղաշարժման մատչելիության, ինչպես նաև արձանագրել օրենքում առկա թերությունները, ընդունել սկզբունքներ, որոնք կենսական են և կիրառելի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը շնորհակալություն է հայտնել լսումների կազմակերպման և շահագրգիռ քննարկումների համար: Արտեմ Ասատրյանի բնորոշմամբ՝ այս նախաձեռնությունն ազդարարում է ոլորտում համալիր փոփոխությունների սկիզբը, քանի որ նպատակը ոչ միայն հաշմանդամների սոցիալական պաշտպանությունն է, այլ, առաջին հերթին, նրանց ինտեգրումը հասարակությանը, սոցիալական ներառման ապահովումը: «Հաշմանդամություն ունեցող անձիք մեզնից մեկն են և ունեն նույն իրավունքները: Նրանք պետք է օգտվեն այն իրավունքներից, որոնք հասու են մեր քաղաքացիներին»,- նշել է նախարարը:
Նա կարևորել է օրենքի նախագծի քննարկումը, քանի որ դրվելու են այն հիմքերը, որոնք թույլ կտան սկզբունքորեն նոր մոտեցումներ ամրագրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում:
Ըստ նախարարի՝ օրենքի նախագծում ամենակարևոր փոփոխությունը քվոտավորման սկզբունքի ամրագրումն է, որն աշխարհում ընդունված մոդել է և որը ոչ միայն պետության խնդիրն է, այլ նաև գործատուի:
Հյուրերին ողջունել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Հենրիեթ Ահրենսը: Նա նշել է, որ հաշմանդամների սոցիալական ինտեգրումը կարևոր քաղաքականություն է, և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ուրախ է աջակցել կառավարությանը և հուսով է, որ երեխաները նույնպես կօգտվեն այդ նոր մոդելի փոփոխություններից:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ Ջեմա Բաղդասարյանը` անդրադառնալով նաև ոլորտում իրականացվող քաղաքականությանը:
Ներկա դրությամբ ՀՀ-ում հաշվառված է 186.384 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8000-ը երեխաներ են: Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 տոկոսը, որը համեմատած այլ երկրների՝ բարձր ցուցանիշ չէ: Աշխատունակ հաշմանդամներից այսօր աշխատում է միայն 9 տոկոսը, հաշմանդամների 19 տոկոսը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, որից 15 տոկոսը նպաստառու են:
Ջեմա Բաղդասարյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ ինչպես նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկվել է այն հարցը, թե արդյոք հնարավոր է գործող օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելով որդեգրել նոր մոտեցումներ, որոնք բժշկական մոդելից կտանեն սոցիալական մոդելին:
Ջեմա Բաղդասարյանը հավելեց, որ առաջիկայում ստեղծվելու է հաշմանդամության հարցերով Ազգային հանձնաժողով, որտեղ ներգրավված կլինեն հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ:
ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, ներկայացնելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի շրջանակներում հաշմանդամների աշխատանքի և զբաղվածության հարցերի իրավական կարգավորումը, տեղեկացրել է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի, զբաղվածության իրավունքների պաշտպանության բնագավառում նախատեսված են միջազգային չափանիշներին համապատասխանող իրավական նորմեր:
Անդրադառնալով քվոտավորման սկզբունքին՝ նա նշել է, որ թեև հասկացությունը նոր է հայ իրականության մեջ, սակայն այն կիրառվել է բազմաթիվ երկրներում: Քվոտավորման սկզբունքը կազմակերպություններին առաջարկում է հաշմանդամներին աշխատատեղերի պարտադիր ապահովում: Ըստ նրա՝ գնահատվել է միջազգային փորձը, որի հիման վրա առաջարկվել է մի մեխանիզմ, որը բազմաթիվ անգամ քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գործատուների միության, հասարակական կազմակերպությունների հետ:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտության մասին խոսելով՝ «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը նկատել է, որ չնայած օրենքի մեջ մտահոգիչ տարրեր կան, այնուամենայնիվ, կարևոր է նախագծի քննարկումը: Արմեն Ալավերդյանը հավելել է նաև, որ քվոտավորման առկայությունը նաև իրենց ջանքերի արդյունքն է:
Լսումներին ներկա հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել և իրենց առաջարկները ներկայացնել պատկան մարմինների ներկայացուցիչներին: Հարցերն ու առաջարկները հիմնականում վերաբերվել էին հաշմանդամների համար տրանսպորտի մատչելիությանը, բարձրահարկ շենքերում թեքահարթակների կառուցմանն ու ելումուտի հարմարությանը, վերելակներից օգտվելու մատչելիությանը, աշխատատեղերի ստեղծմանը, բժշկական ծառայությունների մատչելիությանը: