.jpg)
Վ. Սեդրակյանի կալանքի ժամկետը չի երկարացվել. Դա զառանցանք է
Այսօր մամուլում տարածված լուրերի համաձայն` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին։
«Սա զառանցանք է: Մարտի 5-ին Վ. Սեդրակյանին կալանավորել են 2 ամսով, և 2 ամիսը լրանում է մայիսի 5-ին»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Վ. Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:
Հարցին, արդյոք Սեդրակյանը ցուցմունքներ տալուց հրաժարվո՞ւմ է, Ա. Սիրունյանը պատասխանեց. «Ցուցմունք տալուց չի հրաժարվում: Տալիս է, պատասխանում է քննության բոլոր հարցերին, տալիս է պարզաբանումներ, սակայն մեղքը չի ընդունում»,- ասաց նա:
Հարցին, իսկ առողջական վիճակը ինչպե՞ս է, նշեց, որ «առայժմ` լավ»:
ԱԱԾ լրատվական բաժնի պետ Արծվին Բաղրամյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2 ամիսը չլրացած, իրենք չեն կարող ևս 2 ամսով կալանքը երկարացնելու մասին միջնորդություն ներկայացնել:
Հիշեցնենք, որ Վ.Սեդրակյանը մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու մեջ: