04/04/2013 14:41
«Սիրիայում ադրբեջանցիները կոփվում են, որ այլ կոնֆլիկտներում օգտագործվեն»
Սիրիական հակամարտությանը ներգրավված ադրբեջանցիների թիվը պետք է հաշվել ոչ թե տասնյակներով, այլ` հարյուրներով: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Արմեն Պետրոսյանը:
Ըստ արաբագետների՝ սրա ապացույցը վերջերս Սիրիայում սպանված 30 ադրբեջանցի ահաբեկիչների լուսանկարներն էին.
«Ընդ որում, հետաքրքիր է, որ բոլոր սպանվածները երիտասարդներ են: Այսօր պետք է հասկանանք, որ ադրբեջանական երիտասարդությունը ճգնաժամի մեջ է: Չգտնելով կայանալու ու հաստատվելու տարբերակ Ադրբեջանում, չհամակերպվելով այս երկրի բռնատիրական կարգերին` նրանք հեռանում են: Չզարմանաք, բայց կասեմ, որ բազմաթիվ ադրբեջանցի երիտասարդներ մասնակցում են նաև Պակիստանի, Աֆզանստանի ու անգամ Մալիի կոնֆլիկտներին»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:
Ըստ արաբագետի՝ սա մյուս կողմից արվում է երիտասարդներին այս հակամարտություններում կոփելու ու հետագայում, հնարավոր է, այլ կոնֆլիկներում օգտագործելու համար:
Հարցին` արդյոք սա Ադրբեջանի պետական մոտեցո՞ւմն է, թե՞ կրում է տարերային բնույթ` արաբագետը պատասխանեց.
«Ադրբեջանը, միգուցե, հենց պետական մակարդակով սա չի կազմակերպում, բայց, համենայնդեպս, որ աչք է փակում` անկասկած է: Անհնար է, որ ադրբեջանական որոշ ծառայություններ չիմանան կամ չկարողանան իմանալ, թե ինչով է զբաղվում իրենց երկրից հեռացող երիտասարդության մեծ մասը»:
Լրացնելով գործընկերոջը Արմեն Պետրոսյանն էլ ավելացրեց, որ այսօր միայն Դամասկոսի մերձակայքում կա 5000 ռուսախոս գրոհային.
«Նրանք չեչեններ են ասում, բայց պետք է ասեմ, որ նրանցից մի քանի հարյուրը ադրբեջանցիներ են: Կան նաև թալիշներ ու լեզգիններ»:
Ինչ վերաբերում է Սիրիայում ստեղծված ընդհանուր իրավիճակին` բանախոսները նշեցին, որ հակամարտությունը գնալով ավելի է խորանում, իսկ դրա լուծումը` դառնում է ավելի մշուշոտ: Արաբագետների խոսքով` այս օրերին լուրջ բախումներ են տեղի է ունենում Դամասկոսի կենտրոնում: