ՀՀ Նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը
09/04/2013 14:50

ՀՀ Նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց Կառավարության հրաժարականը: Վարչապետը շնորհավորեց Սերժ Սարգսյանին ՀՀ Նախագահի պաշտոնը 2-րդ անգամ ստանձնելու կապակցությամբ: Նա նշեց.  «Մեծ պատիվ էր Ձեզ հետ աշխատել ու ծառայել սեփական ժողովրդին՝ բարձր պաշտոններում:

Ձեր ղեկավարության ներքո մեր թիմը փորձել է կատարել Ձեր կողմից դրված բոլոր խնդիրները, մենք նաև սխալներ ու բացթողումներ ենք ունեցել:

Ապագայի ամենահուսալի խորհրդատուն անցյալն է: Ձեր փորձը, գիտելիքները, մարդկային հատկանիշներն այն երաշխիքիներն են, որ մեզ հույս են ներշնչում՝ մեր պետությունը զարգանալու է»:

Սերժ Սարգսյանը, ընդունելով կառավարության հրաժարականը,  շնորհակալություն հայտնեց կառավարության անդամներին ՝ համատեղ աշխատանքի համար: Նախագահը նշեց՝ համոզված եմ, որ համատեղ գործունեությունը եղել է արդյունավետ, մեր քաղաքացիների մի հսկայական զանգված դժգոհ է մեր աշխատանքից, բայց, հարգելի գործընկերներ, ուզում եմ, որ համոզված լինեք՝ մարդիկ դժգոհ են ոչ թե մարդկանցից, այլ եղած պրոբլեմներից:

Դուք, ակնհայտորեն, աշխատել եք բարդ պայմաններում, երբեմն՝ լուծել եք անհնարին թվացող խնդիրներ, և դա ձեզ պատիվ է բերում: Անկախ նրանից՝ թե ձեզնից ով կաշխատի Կառավարության նոր կազմում, անկախ բոլոր գնահատականներից, դուք Կառավարության նոր կազմի համար ստեղծել եք բարենպաստ պայմաններ:

Նախագահ Սարգսյանը ստորագրեց հրամանագիր, որով ընդունեց ՀՀ կառավարության հրաժարականը և ՀՀ կառավարության անդամներին խնդրեց շարունակել պարտականությունների կատարումը՝ մինչև նոր կառավարության ձևավորումը:
 

ՀՀ Նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը