.jpg)
Ա. Ռուստամյան. Րաֆֆին պետք է գլխավորեր ընդդիմադիրների միասնական ցուցակը
Երևանի ավագանու ընտրություններից առաջ պետք էր ընդդիմադիր դաշինք ստեղծել և այն պետք է գլխավորեր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին այսօր ՀԱԿ համագումարից առաջ լրագրողներին ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը:
Դաշնակցության ներկայացուցիչը նշեց, որ իր կուսակցությունը ապրիլի 9-ից հետո հիասթափված չէ ո'չ Րաֆֆի Հովհաննիսյանից, ո'չ էլ «Բարևի հեղափոխություն» անունը ստացած շարժումից.
«Փոխարենը` մենք պետք է ամեն ինչից դասեր քաղենք»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանը նշեց, որ Երևանում ընդդիմադիր քաղաքապետ ունենալը չափազանց կարևոր է ստեղծված շարժման համար .
«Եվ մենք փորձեցինք միասնական ընդդիմադիր դաշինք ձևավորել, բայց նորից առաջացավ առաջին տեղի խնդիրը և դաշինքը չկայացավ: Եթե Րաֆֆին համաձայնվեր գլխավորել ընդդիմադիր միասնական դաշինքը, ապա ամեն բան կկայանար: Բայց նա համարեց, որ սա կնսեմացնի նախագահական ընտրություններում իր հաղթանակը: Մինչդեռ սա պետք է շարժման մաս դիտվեր»,- ասաց Արմեն Ռուստամյանը: