Վ. Օսկանյան. Քաղաքը պետք է ինքնաբավ դառնա, իսկ քաղաքային բյուջեն` մեծանա
13/04/2013 16:29

Վ. Օսկանյան. Քաղաքը պետք է ինքնաբավ դառնա, իսկ քաղաքային բյուջեն` մեծանա

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները այսօր նախընտրական քարոզչության շրջանակներում եղել են Նոր Նորքի Սրբ.Սարգիս եկեղեցու տարածքում, որտեղ Երևանի ավագանու ընտրություններին ԲՀԿ ընտրացուցակը գլխավորող Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ծառատունկ են իրականացրել: 

Ծառատունկից հետո Վ. Օսկանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրենց առաջնահերթ խնդիրներից է Երևանի բնապահպանական վիճակի բարելավումը, քանի որ օդը աղտոտված է և լուրջ էկոլոգիական խնդիրներ են առկա:

«Անցած տարիների ընթացքում այնքան կանաչ տարածք է ոչնչացվել և շինություններ են կառուցվել, որ դրանից Երևանի կլիման փոխվել է: Այնպես որ մենք շատ աշխատանք ունենք կատարելու»,- ասաց նա:  

Վ.Օսկանյանի խոսքով` առաջնային լուծման կարիք ունեն կենցաղային խնդիրները, որոնց թվում են տրանսպորտի վիճակի բարելավումը, ջրամատակարարումը, աղբահանությունը, քաղաքի ճարտարապետական տեսքի վերականգնումը, ինչպես նաև երևանցիները պետք է զերծ մնան քաղաքապետարանի բյուրոկրատական քաշքշուկներից:

«Պետք է այնպես անենք, որ քաղաքը ինքնաբավ դառնա, իսկ քաղաքային բյուջեն էլ մեծանա»,- ասաց Վ. Օսկանյանը:

Վ. Օսկանյանը նաև նշեց, որ նման ծառատունկը առաջինը ու վերջինը չէ, և այն պետք չէ կապել բացառապես քարոզարշավի հետ: 

Վ. Օսկանյան. Քաղաքը պետք է ինքնաբավ դառնա, իսկ քաղաքային բյուջեն` մեծանա