.jpg)
Արթուր Բաղդասարյան. ՀՀ-ԵՄ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեայի համանախագահությամբ տեղի է ունեցել Եվրամիության խորհրդատվական խմբի Խորհրդի հերթական` 12-րդ նիստը: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԽ մամուլի ծառայությունից:
Նիստին մասնակցում էին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները և եվրոպական կառույցների ղեկավարները, ինչպես նաև ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքում Արթուր Բաղդասարյանն ասել է.
«Այսօրվա մենք ոչ թե ամփոփելու ենք կատարվածը, այլև կառուցելու ենք ապագայի տեսլականը: Իսկապես, ՀՀ-ԵՄ հարաբերությունները թևակոխել են զարգացման բոլորովին նոր փուլ: Մշակվել է ճանապարհային քարտեզ ՀՀ-ԵՄ համագործակցության համար և այդ ճանապարհային քարտեզը պետական մարմինները իրականացնում են ժամանակացույցի համաձայն: Մենք ընթացիկ տարվա նոյեմբերին, Վիլնյուսյան գագաթաժողովի ժամանակ, նախատեսում ենք մոտենալ ՀՀ-ԵՄ քաղաքական ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
Կարևոր եմ համարում նաև այս տարվա ընթացքում Դոնորական կոնֆերանսի կազմակերպումը, որը հնարավորություն կտա, իսկապես, Հայաստանին հատկացնել լրացուցիչ ֆինանասական, տեխնիկական աջակցություն նախատեսված փոփոխությունները վճռականորեն կյանքի կոչելու համար: Այսուհետ Հայաստանի համար հասանելի են ևս 12 նոր գործիքներ: Հայաստնի պետական մարմինները կարող են ուղիղ կապ հաստատել Եվրոպական Միության շուրջ 30 գործակալությունների հետ, ինչը հնարավորություն կտա ուղղակի կապեր և մեխանիզմներ ստեղծել և լրացուցիչ աջակցություն ստանալ»: