Դարանակ գյուղում ավագանու ընտրությունների բոլոր թեկնածուները ՀՀԿ-ական են
15/04/2013 13:27

Դարանակ գյուղում ավագանու ընտրությունների բոլոր թեկնածուները ՀՀԿ-ական են

Մայիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղական համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին սահմանված ժամկետում՝ ապրիլի 10-ից մինչև 14-ը, ավագանու 5 տեղերի համար առաջադրվել է 6 թեկնածու՝ բոլորն էլ ՀՀԿ-ի կողմից: Նրանցից 4-ը ՀՀԿ անդամ են, իսկ 2-ը՝ անկուսակցական: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից:

Նշենք, որ տվյալ համայնքում ավագանու անդամների արտահերթ ընտրություններ են անցկացվում, քանի որ որ 2011 թ.-ին այստեղ օրենքով սահմանված 5 անդամներից փաստացի ընտրվել են 3-ը։ Ավագանու անդամներից Մամիկոն Կարապետյանի լիազորությունները դադարեցվել են՝ մեկ տարվա ընթացքում անհարգելի պատճառով ավագանու նիստերի ավելի քան կեսից բացակայելու հիմքով, արդյունքում անհնարին է դարձել համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումը: Փետրվարի 4-ին կազմվել է ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և ավագանու նիստերի հետագա անցկացման անհնարինության վերաբերյալ արձանագրությունը, որը ստորագրվել է համայնքի ղեկավարի կողմից:

ՀՀ կառավարությունը մարտի 7-ի նիստում ընդունել է Դարանակ գյուղական համայնքի ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին որոշում:

Դարանակ գյուղում ավագանու ընտրությունների բոլոր թեկնածուները ՀՀԿ-ական են