Ոստիկանության առջև ծառացած խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են
16/04/2013 19:42

Ոստիկանության առջև ծառացած խնդիրները պետության ուշադրության կենտրոնում են

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է Ոստիկանության օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի
տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ոստիկաններին ու համակարգի վետերաններին և պետական պարգև ու կոչումներ շնորհել մի խումբ անձանց:

Իր խոսքում Նախագահը կարևորել է ոստիկանության դերակատարությունն արցախյան պետականաշինության գործում` նշելով, որ համակարգի գործուն մասնակցությամբ է նաև մեր հանրապետությունում պահպանվում օրինականությունը, հասարակական կարգն ու կանոնը, անվտանգությունն ու կայունությունը, քաղաքացիների շահերն ու մարդու իրավունքները:

Բակո Սահակյանն ընգծել է, որ համակարգի առջև ծառացած խնդիրները եղել են և կմնան պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները կանեն հնարավորը ոստիկանների աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: