.jpg)
«Մարտի 1-ի տասը զոհերի մանկության երազանքը չէր գնալ գնդակի բերան»
Լևոն Տեր-Պետրոսյանն իր համագումարում գովաբանեց ԲՀԿ-ին, բամբասեց Րաֆֆի Հովհաննիսյանից և խոսեց բուրժուադեմոկրատական հեղափոխությունից, որը հակասում է նրա նախորդ հայտարարություններին: Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ապրիլի 13-ին տեղի ունեցած ՀԱԿ համագումարում Տեր-Պետրոսյանի ելույթին, նման դիտարկում արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական ժուլիկությամբ է զբաղված` նախ փորձեց Սերժ Սարգսյանի հետ համագործակցել, հետո ԲՀԿ-ի: Բայց Գագիկ Ծառուկյանը մինչ այս պահն ինքն է օգտագործել ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին»,- ասաց Ռ. Հակոբյանը` հավելելով, թե այդ մարտավարությունը շարունակվում է նաև հիմա:
Տեր-Պետրոսյանը, Ռ. Հակոբյանի խոսքով, նախ հայտարարում է, որ չի կարելի քննադատել բարիկադների վրա գտնվողին, բայց հաջորդիվ քննադատում է. «Պարոն Տեր-Պետրոսյան, Մարտի մեկի այդ տասը զոհերի մանկության երազանքը չէր Ձեզ հավատալ և գնալ գնդակի բերան: Եթե Դուք չեք ներում Րաֆֆի Հովհաննիսյանին, որ դիակներ չեղան, դա Ձեր խնդիրն է: Սա քաղաքական նեռության դասական օրինակ է»:
Շարունակելով խոսքը` Ռ. Հակոբյանն ասաց, թե ընդդիմադիր դաշտի թիվ մեկ պառակտողը Լևոն Տեր-Պետրոսյանն է: