Ա. Սարգսյան. Հայերի լոբբինգը հատվածական է, անհրաժեշտ է միասնականություն
19/04/2013 16:43

Ա. Սարգսյան. Հայերի լոբբինգը հատվածական է, անհրաժեշտ է միասնականություն

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը ստեղծվել է, բայց հայտնի չէ, թե ինչով է զբաղվում: Ոչ մի ռեալ քայլ չկա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ թեև հանձնաժողովը ստեղծվել է 3 տարի առաջ, սակայն հայտնի չէ, թե ինչով է զբաղվում. «Մենք չունենք մշակված ծրագիր: Վերջիվերջո ի՞նչ ճանապարհով ենք շարժվելու: Ամբողջ աշխարհը սպասում է, որ հայերը մի յուրահատուկ, ազդեցիկ բան են անելու, բայց մենք ոչինչ չենք անում: Եթե առաջիկա մի քանի ամսում էլ ոչինչ չձեռնարկենք, կձախողվենք»:

Այսօրվա դրությամբ, Ա. Սարգսյանի խոսքով, հայերի լոբբինգը հատվածական է, չկա համակարգված գործունեություն, «այլ կերպ ասած` խայտառակ վիճակում է»:

Ասուլիսին մասնակից միջազգային իրավունքի մասնագետ Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին թվարկեց վերջին 10 տարվա մեր հաջողությունները, այն է` ԱՄՆ-ում և Եվրոպայում պառլամենտական ճանաչում, Ցեղասպանության ժխտման դատապարտման փորձերը դատական համակարգի շրջանակում, ցեղասպանությանը հարակից պահանջներ ներկայացնելու դեպքերը` ապահովագրական դատավարությունները. «Պետք է ուշադիր լինել` այս դատավարություններից մի քանիսում շահել ենք, բայց միայն որպես ապահովագրական դեպք, սա ցեղասպանության համար փոխհատուցում չէ»:

Բանախոսները միակարծիք են` խնդիրը պետք է տեղափոխվի իրավական դաշտ. «Միջազգային ճանաչումը մենք դարձրել էինք առաջնային, բայց ավելի շատ պետք է խոսենք հետևանքների հաղթահարման մասին: Եթե մենք դա ենք առաջ բերում, արդեն տեղափոխվում ենք իրավական դաշտ»,- ասաց Արամ Սարգսյանը:

 

Ա. Սարգսյան. Հայերի լոբբինգը հատվածական է, անհրաժեշտ է միասնականություն