«Նոր Հայաստան» կուսակցությունը միավորվեց «Օրինաց երկիր» կուսակցությանը
20/04/2013 15:46

«Նոր Հայաստան» կուսակցությունը միավորվեց «Օրինաց երկիր» կուսակցությանը

Այսօր տեղի ունեցավ «Նոր Հայաստան» չգրանցված կուսակցության արտահերթ համագումարը, որի օրակարգում էր «Օրինաց երկիր» կուսակցության հետ միավորման հարցը: Համագումարին ներկա էին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը և ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Համագումարը սկսվեց ավելի քան կես ժամ ուշացումով, կիսադատարկ դահլիճում: Համագումարի որոշմամբ՝ «Նոր Հայաստան» կուսակցությունը միավորվեց «Օրինաց երկիր» կուսակցությանը:

Իր խոսքում «Նոր Հայաստան» կուսակցության նախագահ, «Մաքսինֆո» լրատվական կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանը նշեց, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը մերժել է գրանցել «Նոր Հայաստան» կուսակցությունը, սակայն դա պատճառ չէ ընկճվելու համար, և երիտասարդներից բաղկացած իրենց թիմը հաստատակամ է շարունակել քաղաքական գործունեությունը:

««Նոր Հայաստան» կուսակցությունը ստեղծվել է «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ի հենքի վրա, և մինչ արդարադատության նախարարությունը մտորումների մեջ էր գրանցել կուսակցությունը, թե ոչ, «Եվրասիական ինտեգրացիա» ՀԿ-ն եվրասիական տեղեկատվական կենտրոն ստեղծելու առաջարկով դիմեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Ի պատիվ պարոն Բաղդասարյանի՝ կենտրոնի ստեղծումը ընթացքի մեջ է: Արթուր Բաղդասարյանը մեզ առաջարկեց քաղաքական գործունեությունը շարունակել «Օրինաց երկիր» կուսակցության հետ համատեղ»,-տեղեկացրեց Բ. Հարությունյանը:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ողջունեց «Նոր Հայաստան» կուսակցության անդամներին և նշեց, որ տեսնում է երիտասարդների, ովքեր ցանկություն ունեն իրականացնել փոփոխություններ և պայքարել իրենց վաղվա օրվա համար:

«Կուսակցության ցանկությունը միանալ «Օրինաց երկիր» կուսակցությանը մենք դիտարկում ենք որպես կամքի արտահայտություն՝ կառուցելու օրինաց երկիր: Պետք է հնարավորություն տրվի երիտասարդներին քաղաքակիրթ քաղաքական պայքարով հարթել ճանապարհ դեպի մի ապագա, որտեղ իրենք ուզում են իրենց տեսնել»,- նշեց Մհեր Շահգելդյանը:

«Նոր Հայաստան» կուսակցությունը միավորվեց «Օրինաց երկիր» կուսակցությանը