Հ. Դեմոյան. 2015 թ. միայն տարելից է, այն չպետք է ընդունել որպես ավարտ
22/04/2013 14:08

Հ. Դեմոյան. 2015 թ. միայն տարելից է, այն չպետք է ընդունել որպես ավարտ

«2015 թ. միայն տարելից է, այն չպետք է ընդունել որպես ավարտ, այլ որպես սահմանագիծ, մեկնակետ, որից պետք է առաջ շարժվել: Պետք է մեր ուժերը վերադասավորենք և վերախմբավորենք»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Նրա խոսքով` պետք է առկա բոլոր ձևակերպումները ու պահանջները հստակեցնել, համաձայնեցնել և ներկայացնել համահայկական պահանջ:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովին, նա նշեց, որ իրենց երրորդ նիստը լինելու է այս տարվա մայիս ամսին, և իրենց խնդիրն է պատասխանել գլխավոր հարցերին` արդյոք լինելո՞ւ է իրավաբանական առճակատում և Հայաստանը դիմելո՞ւ է միջազգային դատական ատյաններին:

Քննարկման մասնակից թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի դիտարկմամբ` այդ հանձնաժողովը բավական ուշ ստեղծվեց ու դանդաղ է գործում, իսկ մեր ձեռքբերումը այն է, որ համաշխարհային ակադեմիական շրջանակներում Հայոց Ցեղասպանությունը դատապարտվում է:

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանի խոսքով` այդ ուղղությամբ մեր գիտնականները լուրջ աշխատանք են տարել և թուրքական աշխատությունները մրցունակ չեն մերի հետ, ինչը կապված է նաև նրա հետ, որ նրանց խնդիրն է հերքել անհերքելին:

Հ. Դեմոյան. 2015 թ. միայն տարելից է, այն չպետք է ընդունել որպես ավարտ