Տարոն Մարգարյան. Մենք Երևանը դարձնելու ենք ավելի մշակութային քաղաք
22/04/2013 17:40

Տարոն Մարգարյան. Մենք Երևանը դարձնելու ենք ավելի մշակութային քաղաք

«Այս տարիների ընթացքում մենք կարողացանք հազարավոր ծրագրեր իրականացնել և հազարավոր խնդիրների լուծման սկիզբը դնել, սակայն դեռևս կան բազմաթիվ խնդիրներ լուծելու համար»,- այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի գործող քաղաքապետ, ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը:

Նա նշեց, որ այսօր իրենք եկել են թիմով՝ հաշվետու լինելու երևանցիներին, թե ինչ են արել իրենց փորձառու թիմով այս 4 տարիների ընթացքում:

«Մենք խնդրում ենք ձեզ թույլ տալ մեզ՝ շարունակել այն ծրագրերը, որ սկսել ենք»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Նրա խոսքով՝ Երևանը մշակութային քաղաք է և իրենք փորձել են ավելացնել մշակութային կյանքը մայրաքաղաքում:
«Կան բազմաթիվ ծրագրեր՝ դպրոցների, մշակութային տների վերականգնման հետ կապված և մենք ավելի մշակութային ենք դարձնելու մեր մայրաքաղաքը»,- ասաց Տ. Մարգարյանը:

Ըստ նրա՝  Կենտրոն վարչական շրջանում դեռևս կան խնդիրներ՝ կապված տրանսպորտի, բակերի բարեկարգման, վերելակների և կտուրների վերականգնման հետ:

«Մենք եկել ենք ծառայելու մեր բնակիչներին և լուծելու վերոնշյալ բոլոր խնդիրները»,- ասաց Տ. Մարգարյանը:

Իր հերթին Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը նշեց, որ իրենք ցանկանում են վերականգնել այն ֆանտաստիկ քաղաքը, որ եղել է նախկինում:

«Մեր քաղաքը ունի բուժման կարիք և այդ բուժումը ամենալավը կարող է իրականացնել Տարոն Մարգարյանը»,- նշեց բանախոսը:

Տարոն Մարգարյան. Մենք Երևանը դարձնելու ենք ավելի մշակութային քաղաք