Դեսպան. Որքան էլ ժամանակ անցնի Թուրքիայի արարքն արդարացում չունի
24/04/2013 15:17

Դեսպան. Որքան էլ ժամանակ անցնի Թուրքիայի արարքն արդարացում չունի

Այսօր կարևոր օր է Հայաստանի, աշխարհում ապրող հայերի համար, ինչպես նաև՝ Ֆրանսիայի համար: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում անմեղ զոհերի հիշատակը հարգելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` հավելելով, որ Փարիզում անցկացնում են միջոցառումներ` նիվիրված զոհերի հիշատակին

Դեսպանը հիշատակեց  Ֆրանսիայի ու Հայաստանի միջև բարեկամական կապի մասին, որը գալիս է վաղուց. «Դա գալիս է ցեղասպանության օրերից, և դա պատճառներից մեկն է, որ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»:

 

Հուշահամալիր էր այցելել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը: Նա լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ծիծեռնակաբերդ են եկել  դեսպանատան աշխատակիցներով:

«Եկել ենք հարգելու այն դժբախտ մարդկանց հիշատակը, ովքեր բարբարոսաբար սպանվել են հարյուր տարի առաջ՝ Թուրքիայի ձեռքով»,-  ասաց դեսպանը` ընդգծելով, որ որքան էլ ժամանակ անցնի, այդ արարքն արդարացում չունի:

«Տարիներ կանցնեն, բայց այդ օրը կմնա մարդկության հիշողության մեջ: Այսօր մենք գլուխներս խոնարհում ենք անմեղ զոհերի հիշատակի առաջ և միշտ կհիշենք` սերունդներին փոխանցելով հայ ժողովրդի կյանքի այդ դրվագը»,- եզրափակեց դեսպանը:

 

 

Դեսպան. Որքան էլ ժամանակ անցնի Թուրքիայի արարքն արդարացում չունի