.jpg)
Ժիրայր Սեֆիլյան. Չէի սպասում, որ ապրիլի 9-ին ամեն ինչ կձախողվեր
Անցել են առաջնորդների ժամանակները, եկել է առաջնորդող խմբերի ժամանակը, քանի որ չի կարելի պայքարի ողջ պատասխանատվությունը թողնել միայն առաջնորդի ուսերին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սարդարապատ» շարժման անդամ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը:
Սեֆիլյանի խոսքով` «Նախախորհրդարանը» մայիսի 9-ին Գյումրիում և մայիսի 17-ին Երևանում կկազմակերպի հանրահավաքներ:
Ազատամարտիկը նշեց, որ իրենք բազմիցս դիմել են ընդդիմադիր ուժերին` կոչ անելով դուրս գալ գործող համակարգից ու պայքարի այլընտրանքային ձև ընտրել.
«Մեզ այդպես էլ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին` ընդունելու մեր առաջարկությունը: Այդ պատճառով մենք սկսում ենք պայքարը մեր պատկերացրած ձևով: Ապրիլի 9-ից հետո պարզ դարձավ, որ ժողովուրդը հիասթափվել է: Ես չէի սպասում, որ ապրիլի 9-ին ամեն ինչ կձախողվեր»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանն ու ավելացրեց, որ «Նախախորհրդարանի» հանրահավաքների ժամանակ ժողովրդին կներկայացնեն իրենց ծրագիրը.
«Ամեն հանրահավաքից հետո ժողովուրդը կիմանա` ինչ քայլեր պետք է անի»: