ԱԺ նախագահ. Արձանագրությունները կապ չունեն Ցեղասպանության հետ
29/04/2013 13:00

ԱԺ նախագահ. Արձանագրությունները կապ չունեն Ցեղասպանության հետ

«Հայ-թուրքական խայտառակ արձանագրությունները պետք է դուրս գան օրակարգից»,- ԱԺ նիստերի մեկնարկին նման հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ պատգամավորը կոչ արեց քայլեր ձեռնարկել արձանագրութուններն օրակարգից հանելու համար:

Ի պատասխան պատգամավորի՝ Հ. Աբրահամյանն ասաց, որ օրակարգից արձանագրությունները հանել-չհանելն ԱԺ նախագահի լիազորություններից դուրս է: Հ. Աբրահամյանը չհամաձայնեց, թե արձանագրությունները խայտառակ են:

Ինչին արձագանքեց Զ. Փոստանջյանը՝ նկատելով. «Լինելով քաղաքական գործիչ, ներկայացնելով ԱԺ նախագահի պաշտոնը՝ ունեք պայքարելու լծակներ, որ այդ արձանագրությունները դուրս գան օրակարգից: Պետք է նախանձախնդիր լինեք, որ նման խայտառակություն չգա ԱԺ, իսկ եթե գալիս է, կազմակերպեք ցույցեր, բողոքի ակցիաներ, եթե ուրիշ լծակներ չեք կարողանում օգտագործել»:

«Եթե արձանագրությունները իրավական տեսք ստանային և վավերացվեին երկու երկրների կողմից, ապա մեծ հնարավորություն կլիներ տնտեսության զարգացման համար: Դա կապ չունի Ցեղասպանության և այլ քաղաքական գործընթացների հետ,- եզրափակեց խոսքը ԱԺ նախագահը:

 

ԱԺ նախագահ. Արձանագրությունները կապ չունեն Ցեղասպանության հետ