.jpg)
Ես այսօր իմ փոքր տանն եմ. Տարոն Մարգարյանն Ավանում էր
«Ես այսօր իմ փոքր տանն եմ»,- Ավան վարչական շրջանում ընտրողների հետ իր հանդիպմումն այսպես սկսեց Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Ես արդեն 8 տարի շարունակ հաշվետու եմ մեր ավանցիներին: Չորս տարի է` ինչ հաշվետու եմ Երևանի բնակչությանը: Այսօր ես իմ փոքր տանն եմ, իսկ Երևանը մեր մեծ տունն է: Ես համոզված եմ, որ այդ փոքր տան նման, որ 8 տարի շարունակ միասին կառուցեցինք, փոխադարձ հարգանքով ու վստահությամբ կարողացանք Երևանի մի փոքր գողտրիկ անկյուն ունենալ` հանձին Ավան վարչական շրջանի, այդ նույն եռանդով մենք կկարողանանք կառուցել ավելի լավ Երևան»,- ասաց Տ. Մարգարյանը:
Տ. Մարգարյանը վստահություն հայտնեց, որ կատարվող աշխատանքները շարունակական են լինելու. «Մենք միասին կարողանալու ենք կառուցել մեր մեծ տունը մեր փոքր տան փայլուն օրինակով: Երևանցին միշտ հպարտ է եղել, ավանցին միշտ հպարտ է եղել, և վստահ եմ, որ իր վստահությամբ և պարզ ճակատով երևանցին քայլելու է դեպի ապագա և հաղթահարելու է այն բոլոր դժվարությունները, որ այսօր էլ առկա են»:
Թեև Ավան համայնքը Երևանի ամենաբարեկարգ համայնքներից մեկն է, Տարոն Մարգարյանի խոսքերով, սակայն խնդիրներ այնուամենայնիվ, առկա են:
Նա ասաց, որ այս համայնքն իրեն շատ հոգեհարազատ է, այստեղ է ծնվել, մեծացել, այստեղից է կարողացել իր գործը տարածել ամբողջ Երևան քաղաքում. «Ես ձեզանից մեկն եմ եղել, և այսօր էլ եմ ձեզանից մեկը: Ես հպարտ եմ, որ ապրում եմ Ավանում, ես միշտ լինելու եմ ձեր կողքին»: