.jpg)
Ս. Բագրատյան. Մարդու բարի համբավը սևացնելը հայ հանրությանը հարիր չէ
«Քարոզարշավն ամբողջությամբ տեղավորվել է օրենքի շրջանակներում: Որևէ խախտումներ ու միջադեպեր չեն նկատվել: Կուսակցությունը խնդիր ուներ ԱԺ ընտրություններում հանրապետության բնակչության մեկ երրորդի վստահության քվեն հասցնել մայրաքաղաքի բնակչությանը»,- այսօր, անդրադառնալով նախընտրական քարոզարշավին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը:
Նա անդրադարձավ նաև 2012 թվականի սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրությունների շրջանում իր շուրջ բարձրացած աղմուկին, և նշեց, որ երբևէ չի եղել, որ ինքը պետական կառավարման համակարգում աշխատելիս «որևէ նման մոտեցում ունենա»:
«Եթե այդ ժանրի սիրահար մարդիկ կարծում են, որ այս ընտրությունները լավ առիթ է, որպեսզի սևացնեն մարդու բարի համբավը, կարծում եմ, դա հայ հանրությանը հարիր չէ»,- հավելեց բանախոստը:
Ս. Բագրատյանն ընդգծեց, որ եղել է լարվածություն, եղել են նաև «որոշակի` ընտրական օրենսգրքում չտեղավորված երևույթներ», որոնք կարճվել է, որովհետև քրեական գործ հարուցելու համար համապատասխան փաստացի ապացույց չի եղել:
Բանախոսի կարծիքով` Հայաստանում սոցիոլոգիական դպրոցը զարգացած չէ, ուստի ասոցիոլոգիական հարցումների և ուսումնասիրությունների արդյունքներն արժանահավատ չեն:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը, նախորդ տարի հայտնվել էր սկանդալի մեջ: Ըստ մամուլի հրապարակումների` Բագրատյանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրատեղամասում բռնության էր ենթարկել ոստիկանին:
Բացի այդ, «Ժամանակ» օրաթերթի Վայոց ձորի աղբյուրների փոխանցմամբ՝ Վայոց ձորի նախկին մարզպետ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանն իր պաշտոնավարման տարիներին յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքը: