.jpg)
Ա. Մարտիրոսյան. Այս օրերին կիրառվեց «սա իմ սարն է, սա իմ ծառն է» սկզբունքը
«Բարև Երևան» դաշինքի նախընտրական քարոզարշավն անցավ բազմաթիվ խոչընդոտներով ու միջադեպերով: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Բարև Երևան» դաշինքի ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի խոսքով` քարոզարշավային օրերին լիովին գործեց` «սա իմ սարն է, սա իմ ծառն է» սկզբունքը.
«Մարդկանց ամենաթողությունն այն աստիճանի է հասել, որ հաճախ թաղամասերում որոշ մարդիկ հեռախոսի համար էին թողնում՝ ասելով. «թող մեզ զանգեն՝ նոր գան ստեղ քարոզարշավ անեն» »,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Բարև Երևանի» ներկայացուցչի խոսքով` այսօր մասսայաբար ընտրակաշառքներ են բաժանվում ու օգտագործվում է ադմինիստրատիվ ռեսուրսը.
«Դպրոցներում, պետական կառույցներում` ամեն տեղ ճնշումներ կան: Ոստիկանությունը հետևողական չէ սրանց նկատմամբ: Մեր պաստառներն են պոկում` ոստիկանությունը չի բացահայտում: Էլի եմ ասում` ամենաթղության մթնոլորտ է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն ավելացնելով, որ հույս ունի` քաղաքացին, այնուամենայնից, կգիտակցի ստեղծված իրավիճակը.
«Ես այս ընտրություններից միայն ձայների մեծամասնություն եմ ակնկալում ու հուսով եմ, որ ավագանին կփոխվի»,- ավարտեց բանախոսը: