ՕԵԿ-ը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր սիրում են Երևանը
03/05/2013 15:02

ՕԵԿ-ը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր սիրում են Երևանը

«Պետք է այնպես անենք, որ Երևանը լինի միջազգային չափանիշներին համապատասխան քաղաք, որ Երևանում ապրողները հպարտությամբ ասեն՝ մենք երևանցի ենք: Պետք է փոխվի երևանցու մտածելակերպը, որ երևանցիներն իմանան, որ իրենք են քաղաքի տերը: Իմ կողքին կանգնելով դուք կունենաք հզոր և սիրուն Երևան»,- այս մասին այսօր Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն ամփոփելով, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՕԵԿ քաղաքապետի թեկնածու Արմեն Երիցյանը:

Նա հիշեցրեց քարոզարշավի ժամանակ հնչեցրած հիմնական ծրագրային դրույթները, դրական գնահատեց ընտրարշավը և նշեց, որ կարողացել է ընտրողին հասցնել իր ասելիքն ու ՕԵԿ-ի ծրագիրը:

Անդրադառնալով Հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների հասցեին ընդդիմադիր ուժերի կողմից հնչող քննադատության վերաբերյալ հարցին, Ա. Երիցյանը կարծիք հայտնեց, որ դա այդ ուժերի խնդիրն է. «Անձամբ «Օրինաց երկրի» մասին կարող եմ ասել, որ մենք գնալու ենք առաջ և ունենալու ենք գեղեցիկ Երևան»,- ասաց նա:

Ընտրակեղծիքների, մասնավորապես ընտրացուցակների կեղծման մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությունների վերաբերյալ հարցին` Ա. Երիցյանը արձագանքեց, որ յուրաքանչյուր հայտարարություն պետք է հիմք ունենա:

«Եթե ունենք հիմք և ասում ենք, որ կան այդպիսի դեպքեր, ապա ի՞նչն է խանգարում տվյալ կուսակցությանը կամ կուսակցություններին ներկայացնել ցուցակները: Եթե ինֆորմացիան ռեալ է, դրա համար կան իրավապահ մարմիններ: Եթե ՕԵԿ-ը նման դեպքեր հայտնաբերի, միանշանակ կդիմենք իրավապահ մարմիններին: Բոլոր կուսակցություններով միասին պետք է այնպես անենք, որ խախտումներ չլինեն»,- ընդգծեց քաղաքապետի թեկնածուն:

Թե ընտրություններում հաղթելու ի՞նչ հնարավորություն է տեսնում ու քանի՞ տոկոս ձայն է հավաքելու, Ա. Երիցյանը պատասխանեց, որ իր հաղթելու հնարավորությունները շատ բարձր է գնահատում:

«Թիվ չեմ կարող ասել, բայց ես գնում եմ հաղթելու ձեզ հետ միասին: Բարձր տոկոս եմ ակնկալում և կարծում եմ՝ կհաղթենք»,- ասաց նա:

Իսկ հարցին, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարում են ընտրություններից հետո Երևանի ավագանիում հնարավոր կոալիցիայի ձևավորման մասին, ուստի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում ո՞ւմ հետ է պատրաստ համագործակցել ՕԵԿ-ը և ի՞նչ սկզբունքներով, Ա. Երիցյանը պատասխանեց. «Ես և իմ կուսակցությունը պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, ովքեր ընդունում են մեր ծրագիրը, ովքեր կանգնած են մեր կողքին, ովքեր սիրում են Երևանը, պատրաստ են Երևանը մեզ հետ միասին տանել առաջ և շենացնել»:

ՕԵԿ-ը պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ովքեր սիրում են Երևանը