Նվազագույն շեմի հաղթահարումը «Առաքելությունը» կհամարի դրական արդյունք
03/05/2013 15:16

Նվազագույն շեմի հաղթահարումը «Առաքելությունը» կհամարի դրական արդյունք

Երևանի ավագանու ընտրություններում նվազագույն շեմի հաղթահարումը «Առաքելությունը» կհամարի դրական արդյունք: Ամփոփելով Երևանի ավագանում ընտրությունների քարոզարշավի արդյունքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Առաքելություն» կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Մանուկ Սուքիասյանը:

«Մեր քարոզարշավը ցույց տվեց, որ ցանկացած առաքելություն կարելի է իրականացնել, թեկուզ և դժվարությամբ: Ցանկացած ընտրություն միշտ նոր որակ է բերում ու ինդիկատորի դեր կատարում: Ընտրությունները անխուսափելի անհրաժեշտություն է»,- նշեց Մ. Սուքիասյանը:

«Ցանկացած քաղաքական ուժ չի կարող ընտրություններին մասնակցել պարտվելու ակնկալիքով: Այս պարագայում մեզ համար, որպես նոր ուժ, հաղթանակ կլինի նվազագույն շեմը հաղթահարելը»,- հավելեց բանախոսը:

Իր հերթին ասուլիսին ներկա կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ քարոզարշավը «Առաքելության» համար բավական դրական էր:

«Քարոզարշավը մեզ համար դրական էր, կարողացանք հասարակությանը հասցնել մեր ծրագրերը, մոտեցումները, խանգարող հանգամանքը լրատվամիջոցների խտրական վերաբերմունքն էր: Բայց համոզված ենք, հասարակության որոշակի հատված իր ձայնը կտա «Առաքելությանը»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Ինչ վերաբերվում է ընտրական և հետընտրական շրջանում ընդդիմադիր ուժերի միավորման խնդրին, ապա Մանուկ Սուքիասյանը նշեց, որ իրենք այդ մասին առաջարկությամբ էին հանդես եկել շատ ավելի վաղ, իսկ Երևանի ավագանու կազմում ընդգրկվելու դեպքում անպայման սատարելու են ընդդիմադիր թեկնածուին:

Միևնույն ժամանակ, ըստ Մանուկ Սուքիասյանի, ներկայումս ընդդիմադիր դաշտի միավորման հեռանկարը բավականին աղոտ է այն պարզ պատճառով, որ ներկա պահին այս առումով որևէ գործընթաց չի նշմարվում:
 

Նվազագույն շեմի հաղթահարումը «Առաքելությունը» կհամարի դրական արդյունք