.jpg)
«ԲՀԿ-ն թող նախ որոշի` ինքը որ հատվածում է, հետո կխոսենք համագործակցելուց»
Այս ընտրություններում տեղի ունեցածի համար ընդդիմությունն է մեղավոր, որը հիասթափեցրեց քաղաքացուն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի առաջին համար Արմեն Մարտիրոսյանն ու ավելացրեց.
«Քաղաքացին տեսավ, որ շատ հաճախ ընդդիմությունը պայքարում է ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ և պատժեց ընդդիմադիր քաղաքական ուժերին»:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ ընտրությունների արդյունքներով «Բարև Երևանը» ավագանիում պետք է ներկայացնի ոչ միայն իր ընտրազանգվածին, այլև ողջ ընդդիմադիր ուժերին:
««Բարև Երևանին» հաջողվեց առանց կեղծիքի ավագանու անդամ դառնալ: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք ազնիվ եղան այն առումով, որ ասեցին` մենք սա ենք, պիտի ընտրակաշառք բաժանենք, թաղի խուժանին խառնենք և այլն: Համատարած ընտրակաշառք բաժանվեց և՛ ընտրատեղամասերի առաջ, և՛ ներսում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է նորընտիր ավագանու ներսում ԲՀԿ-«Բարև Երևան» հնարավոր համագործակցությանը, Արմեն Մարտիրոսյանն ասաց.
«ԲՀԿ-ն պիտի նախ որոշի, թե քաղաքական դաշտի որ հատվածում է, հետո կխոսենք ավագանիում համագործակցության կամ համատեղ աշխատանքի մասին»: