.jpg)
Ս. Միքայելյան. Տեր-Պետրոսյանը զորքը թողեց, գնաց եռամսյա զորավարժությունների
Առաջիկայում հնարավոր է նոր ընդդիմադիր ուժ ստեղծվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը` հավելելով, որ պատրաստ է պայքարել այդ թիմում:
«Հայաստանում կան առողջ ուժեր ու անհատներ, ովքեր այս տարիների ընթացքում չեն կորցրել իրենց «ես»-ը»: Ամենամեծ դժբախտությունն այն է, որ իշխանությունը ոչ թե պետականության հիմքերը ամրապնդելու համար է գործում, այլ` որոշ անհատների շահերը կամ պաշտոնը պահելու»,- ասաց Ս. Միքայելյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ նոր ուժի լիդերը լինի Նիկոլ Փաշինյանը, Ս. Միքայելյանը պատասխանեց այսպես. «Тонкий намек на толстые обстоятельтва»,- ապա հավելեց, թե դա ցույց կտա ժամանակը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նա սխալ համարեց ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը, ինչի ապացույցը, ըստ նրա, Ավագանու ընտրություններում ՀԱԿ-ի ստացած ձայներն էին:
«Ընդդիմությունը պարտվեց` վերջին տարիներին վարած սխալ քաղաքականության պատճառով: Ինչքան էլ իշխանությունները խախտումներ են արել, ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների տոկոսը նվազել է»,- ասաց նա:
Խոսելով ՀԱԿ կուսակցության մասին` Ս. Միքայելյանը նշեց, որ երբեք չի անդամակցի այդ ուժին. «Չեմ ուզում որևէ մեկին վարկաբեկել կամ Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին վատ բան խոսել, բայց քանի որ էսօր Շուշիի ազատագրման օրն է, ուզում եմ զինվորական տերմինով բացատրել. ի՞նչ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը. Լևոն Տեր-Պետրոսյանը հզոր զորքը թողեց, գնաց… իմանո՞ւմ եք, չէ՞, որ 93 թվականին եռամսյա զորավարժությունների համար մարդ էին հավաքում: Այսինքն` զորքը թողեց հրապարակներում, նոր սկսել է եռամսյա վարժական հավաքներում մարդ հավաքել: Դրա համար էլ արդյունքն էս էր»,- եզրափակեց խոսքը Ս. Միքայելյանը: