08/05/2013 11:55
ՀՀ Նախագահը կառավարությունում էր. Գործադիրից սպասելիքները շատ մեծ են
Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում էր: Նախագահը շնորհավորեց կառավարության նորանշանակ անդամներին, և նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում անցել են երեք խոշոր ընտրություններով: Նախագահն ընդգծեց, որ ընտրությունների արդյունքում խորհրդարանում ներկայացվեց քաղաքական դաշտի գրեթե ողջ ներկապնակը, իսկ նախագահական ընտրություններում ունեցանք քաղաքական նոր մշակույթ:
«Մի քանի օր առաջ տեղի ունցած Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ մեր քաղաքացիները մեկ անգամ ևս բարձրաձայնեցին, որ պահանջում են և պատրաստ են սատարելու այն պաշտոնյաներին, ովքեր օրն ի բուն աշխատում, ամեն օր մի բան են փոխում և պրակտիկ աշխատանքը գերադասում են շոուներից»,- ասաց Նախագահը:
Ս. Սարգսյանը հավելեց, որ յուրաքանչյուր ընտրություն և հատկապես` համապետական, փորձություն են մեր երկրի և մեր երիտասարդ ժողովրդավարության համար. «Մենք անցանք այդ փորձությունների միջով բավականին վստահ և որպես պետություն և հասարակություն` դուրս եկանք ավելի ամրացած: Այժմ մեզ սպասում է 2008-ից ի վեր ամենաբարենպաստ ժամանակահատվածում ամբողջովին մեր աշխատանքին նվիրվելու, անմնացորդ և հետևողականորեն աշխատելու, մարդկանց հոգսերը լուծելու, և արդյունքում ավելի ապահով Հայաստան կերտելու հնարավորությունը»:
ՀՀ Նախագահը շեշտեց, որ այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, քանի որ, ըստ Նախագահի, արդյունավետ աշխատելու համար որևէ խոչընդոտ չկա. «Կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ, քանի որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին, հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար»:
«Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով, խիստ որոշակի արդյունքներով»,- ընդգեց Ս. Սարգսյանը և հավելեց, որ անցած տարի կառավարության առջև խնդիր դրվեց ապահովել նվազագույնը յոթ տոկոս տնտեսական աճ, այս խնդիը լուծվեց, այս տարի էլ նույն խնդիրն է դրված, սակայն այսուհետ Նախագահն ակնկալելու է նաև որակական ցուցանիշներ:
Կառավարության անունից ՀՀ Նախագահին շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և հավաստիացրեց, որ կարդարացնեն Նախագահի և քաղաքացիների սպասումները, գործունեության արդյունքները կլինեն շոշափելի: