09/05/2013 10:14
Լրագրողի նոթերից. Մայիս 9. Արցախի, Գոռի ու զինվորական կոշիկների մասին
2 տարեկան եմ, շարժումը սկսվեց. ուրիշ բան չեմ տեսել ու չեմ հիշում. Առավոտյան օրս սկսում է հորս հետ «Время» նայելով: Մինչև ինձ ու եղբորս մանկապարտեզ տանելը` հայրս միշտ լուրեր է լսում, դրանից հետո, սովորաբար, Շերլոկի ու չար կոկորդիլոսի մասին մուլտն է եթերում, ու ես համոզված եմ` տանկերի նկարներից անմիջապես հետո մուլտ ենք նայելու: Այդ ժամանակ պատերազմն ինձ համար անհասկանալի լեզվով, ինչ-որ հեռու տեղ կատարվող բան էր, որ երբեք մեր տուն չէր գալու:
5 տարեկան եմ. դեռ պատերազմ է: Թաղում բոլորը խոսում են Գոռիկի մասին` հարևանի տղան է: Ամեն շաբաթ փախնում է Արցախ, գնում է կռվելու: Երևի 11-12 տարեկան է, չեմ հիշում: Հայրն ամեն անգամ գնում է հետևից, համոզում հետ բերում: Գոռիկը լեգենդ է. պատերազմ տեսած միակ երեխան: Հերթական անգամ փախել է տնից, գնացել Արցախ: Հարևաններն ասում են` Արցախից հոր համար զինվորական կոշիկներ է բերել: Այդ ժամանակ ինձ համար Արցախը հեռու տեղ էր, որտեղ լիիիիիիիիիիիքը զինվորական կոշիկներ կային... ու մտածում էի` կմեծանամ, կգնամ Արցախ ու պապաիս համար կոշիկներ կբերեմ:
18 տարեկան եմ. Պատերազմը վերջացել է: Գնում եմ հարցազրույցի: Մտնում եմ Հայֆիլմ` Գոռիկի պապան: Սամվել Թադևոսյանն է` ազատամարտիկների մասին ամենաշատ ֆիլմերը նկարած մարդը, պատերազմ տեսած միակ երեխու պապան: Խոսում ենք նոր ֆիլմից, մեր թաղից, որից գնացել են արդեն վաղուց, հիշում եմ Գոռին: Սամվել քեռին պատմում է` Գոռին հետ բերել չհաջողվեց, միակ տարբերակը հետը պատերազմ գնալն էր. գնաց, հաղթեցին, հետ եկան: Գոռը կանտուզիա ունի, մի ականջը չի լսում, բայց Գոռն է, իմ մանկության ամենամեծ հերոսը` պատերազմ տեսած, պատերազմ հաղթած միակ երեխան:
19 տարեկան եմ. Գնում եմ Արցախ` առաջին անգամ: Մնալու տեղ չունենք, բայց գնում ենք Արցախ: Պատահաբար ծանոթանում եմ սիրուն, ժպտերես, ինձանից փոքր, կրակի կտոր աղջկա հետ: Յանան է: Մեզ տանում է իրենց տուն` պահելու: 5 օր ապրում ենք իմ տեսած առաջին ղարաբաղցիների տանը: Այդ օրվանից Արցախն ինձ համար Յանան էր ու Բենիկ քեռին` Յանայի պապան` պատերազմը նկարած օպերատորը, մեզ ամբողջ գիշեր պատերազմից պատմող, չվերջացող պատմություններ իմացող մարդը:
22 տարեկան եմ. նորից Արցախ` հանգստանալու ու արդեն ամեն տարի. նույն տանը, նույն մարդկանց հետ: Յանան արդեն ընկերուհիս է, արդեն 7 տարի: Գանձասար: Աստված: Արցախ: Դրանից հետո Արցախն ինձ համար Գանձասարն է, որտեղ գտա Աստծուն ու որտեղ պիտի պսակվեմ, ու մարդիկ, որ ամենաուժեղն են աշխարհում, ու հող, որտեղից զինվորական կոշիկ էր բերել պատերազմ տեսած, պատերազմ հաղթած միակ երեխան: