Հ. Իգիթյան, Ա. Արզումանյան, Կ. Ռուբինյան. Նախաձեռնել ենք վերածնել ՀՀՇ-ն
14/05/2013 17:40

Հ. Իգիթյան, Ա. Արզումանյան, Կ. Ռուբինյան. Նախաձեռնել ենք վերածնել ՀՀՇ-ն

ՀՀՇ նախկին անդամներներ Արարատ Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Կարապետ Ռուբինյանը այսօր հանդես եկան մամուլի ասուլիսով՝ տեղեկացնելով, որ իրենք նախաձեռնել են վերածնել ՀՀՇ-ն:

Արարատ Զուրաբյանն ասաց, որ պայքարելու են սահմնադարական կարգի վերականգնման համար: Պատրաստ են համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ, սակայն համագործակցությունը պետք է լինի գաղափրական ու կոնկրետ խնդրի շուրջ: Սրան միջամտեց Հովհ. Իգիթյանը՝ նշելով, որ համագործակցությունը և գործարքը պետք է տարբերել:

Պատասխանելով դիտարկմանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀՇ-ի իրավահաջորդը հենց ՀԱԿ-ն է, Արարատ Զուրաբյանն ասաց, որ ՀՀՇ-ն տունն է որտեղից դուրս են եկել շատերը, այդ թվում՝ նաև մարդիկ, ովքեր ներկայում ՀԱԿ-ում են: Ա. Արզումանյանն էլ ասաց, որ իրավահաջորդը չի կարող կենսագրության մի մասին տեր լինել, մյուսին՝ ոչ: Օրինակ բերելով այն, որ մարդ չի կարող պատասխանատու լինել ուսանողական տարիների համար ու պատասխանատվություն չկրել աշակերտական տարիների համար:

«Մենք բոլորս հիմնադիր անդամներ ենք: Եվ կարծում ենք՝ ՀՀՇ-ի իրավահաջորդությունը պահպանում ենք երկու ուժերով, մենք և ՀԱԿ-ը: Եթե ՀԱԿ-ում կարծում են, որ միայն իրենք են իրավահաջորդը, ապա դա իրենց խնդիրն է»,- ասաց Զորաբյանն ու հավելեց՝ ՀՀՇ իրավահաջորդը պետք է հավատարիմ մնա ՀՀՇ գաղափարախոսությանը:

Անդրադառնալով Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե ՀՀՇ-ն վերածվել է գեղի կլուբի՝ Ա. Արզումանյանն ասաց, որ երբեք չի եղել նման կլուբում. «Ես մեծ փորձ չունեմ գեղի կլուբների, հարցրեք նրանց, ովքեր եղել են նման տեղերում»:

Բանախոսները խոստացան, որ հավատարիմ կլինեն իրենց գաղափարախոսությանը, չեն գործի որևէ մեկի դեմ ոչ էլ ի հաշիվ որևէ մեկի:

Ինչ վերաբերում է վերածնված ՀՀՇ-ն՝ առանց Տեր-Պետրոսյանի եզրույթին, Հովհ. Իգիթյանը նշեց, որ ՀՀՇ-ն Տեր-Պետրոսյանը չէ, որ ստեղծել է, այն հսկայական խմբի համատեղ աշխատանք էր: Պարտադիր չէ, որ նոր ՀՀՇ-ն լինի Տեր-Պետրոսյանի հետ միասին:

Նշենք, որ այսօր Ալեքսանդր Արզումանյան, Արարատ Զուրաբյան, Հովհաննես Իգիթյան և Կարապետ Ռուբինյան ստորագրությամբ հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես, ասված է.

«2013 թվականի փետրվարի 23-ին ավարտին հասցվեց Հայոց Համազգային Շարժում կուսակցության կազմաքանդման գործընթացը, որը հետևողականորեն իրականացվում էր տևական ժամանակ: Անվանափոխման պատրվակով, ըստ էության, դադարեցվեց Ղարաբաղյան փառահեղ շարժմամբ ծնունդ առած, Հայաստանի Երրորդ հանրապետության ակունքներում կանգնած, Հայաստանում ժողովրդավարության և ազատականության ջահակիր Հայոց Համազգային Շարժում կուսակցության գործունեությունը: 

Հանդիսանալով Հայոց Համազգային Շարժման ակտիվ մասնակիցներ շարժման առաջին իսկ օրերից, լինելով ՀՀՇ կուսակցության հիմնադիր անդամներ, հավատարիմ մնալով ժողովրդավարության ու ազատականության արժեքներին, մեր անհամաձայնությունն ենք արտահայտել ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզից վտարելու, արհեստածին միավորով այն քողարկելու և ստվերելու փորձին, դա համարելով հրաժարում որդեգրած գաղափարախոսությունից ու սկզբունքներից և ոտնձգություն մերօրյա պատմության դեմ: Այս երևույթի, ինչպես նաև վերջին մի քանի տարիներին կուսակցության ներքին ժողովրդավարության խաթարման և անձնապաշտական մթնոլորտի արմատավորման պատճառով բազմաթիվ սկզբունքային կուսակցականներ դուրս են մղվել ՀՀՇ-ից:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հպարտանում ենք 25 տարվա մեր քաղաքական գործունեությամբ, անցած քառորդ դարում Հայոց Համազգային Շարժման գրանցած նվաճումների ու հաջողությունների մեջ մեր համեստ ներդրումով և ցավ ենք զգում մեր կորուստների ու ձախողումների համար: Մենք պատճառ չունենք ամաչելու մեր անցյալից:
Մեր նպատակն է՝ վերագրանցելով կուսակցությունը և պահպանելով ՀՀՇ պատմական անունը, առաջնորդվելով ժողովրդավարության, կոլեգիալ կառավարման, գործունեության լիակատար թափանցիկության սկզբունքներով, վերականգնել Սահմանադրական կարգը Հայաստանի Հանրապետությունում, հասնել ժողովրդավարության և ազատական արժեքների հաստատմանը»: 

Հ. Իգիթյան, Ա. Արզումանյան, Կ. Ռուբինյան. Նախաձեռնել ենք վերածնել ՀՀՇ-ն