Ա. Աշոտյան. Մեր երազած մակարդակից հեռու ենք
15/05/2013 12:13

Ա. Աշոտյան. Մեր երազած մակարդակից հեռու ենք

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ իր պաշտոնավարման նախորդ ժամանակաշրջանում ինքը 5 ձեռքբերում է ունեցել։

«Մենք կարողացանք Հայաստանի շուրջ 140 համայնքներում ստեղծել նախադպրոցական կրթության հնարավորություն և հետագա տարիներին էլ մեր խնդիրներից է լինելու նախակրթարանների ապահովումը համայնքների 90%–ում: Բացի այդ, բարձրագույն կրթության ոլորտում կրթության ոլորտի նոր չափանիշներ են սահմանվել, լիցենզավորման պայմանները խստացվել են, իսկ մասնավոր բուհերի թիվը 2 անգամ կրճատվել է, ինչից ոչ մի ուսանող չի տուժել»,-ասաց Ա. Աշոտյանը:

Նախարարի խոսքով` ձեռքբերում է նաև այն, որ «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո կտրուկ նվազել է տարկետում ստացողների թիվը:

«Ձեռքբերում է նաև այն, որ շախմատը դպրոցում հայկական կրթական բրենդ է դարձել, ինչը նպաստել է նաև եվրոպական երկրների կողմից մեր փորձի ուսումնասիրման, ինչպես նաև այն, որ Հայաստանը իր տեղն ունի եվրոպական կրթական քարտեզում»,-ասաց նա:

Հարցին` հնարավո՞ր է նորից մասնավոր բուհեր փակվեն, նախարարը պատասխանեց, որ նախորդ շաբաթվա ընթաքում մի քանի բուհերից փակման կամ այլ բուհերին միանալու մասին նամակներ է ստացել, իսկ կրթության որակը ստուգելու համար հաջորդ շաբաթ նոր ստուգումներ կանցկացվեն բուհերում:

Անդրադառնալով չլուծված խնդիրներին` նա նշեց կրթության որակի խնդիրը, որն ըստ նախարարի, երբեք հնարավոր չէ համարել լուծված:

«Մեր երազած մակարդակից հեռու ենք, սակայն երբեմն ծայրահեղության մեջ են ընկնում ու ժխտում որակի բարելավումը»,- ասաց նա:

Մյուս չլուծված խնդիրն էլ, նախարարի խոսքով` կրթության մատչելիության խնդիրն է, որը նախարարի խոսքով` վերջին տարիներին մեղմացել է և ոչ մի լավ աովորաղ ուսանող բուհից դուրս չի մնա գումար չունենալու պատճառով։

Ա. Աշոտյան. Մեր երազած մակարդակից հեռու ենք