.jpg)
Լևոն Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է
Քաղաքական ուժի մասին պետք է դատել ոչ թե հապշտապ, ոտքի վրա արված հայտարարություններով, այլ վերջինի կատարած գործերով: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե «Բարգավաճ Հայաստանը» (ԲՀԿ) չի կարող ընդդիմություն դառնալ, այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` ԲՀԿ-ն իշխող կոալիցիայի անդամ չէ, չի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում, նրան չի շնորհավորել, Ազգային ժողովի ընտրություններից հետո խորհրդարանում պաշտպանել է ՀԱԿ-ի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք նախաձեռնություններ, խորհրդարանական և հատկապես Երևանի ավագանու ընտրություններում համախմբված պայքարել է ընտրակեղծարար մեքենայի դեմ:
«Բոլոր այս քայլերը ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն այսօր իրեն պահում է որպես ընդդիմադիր ուժ: Եթե դրանից հետո իրենք խնդիր ունեն իրենց ընդդիմադիր կոչելու հետ, դա մի պրոբլեմ է, որին իրենք պետք է պատասխան տան», - ասաց Զուրաբյանը` մանրամասնելով. - «Միգուցե կան քաղաքագիտական նրբություններ, որոնք այնքան էլ լավ չեն հասկացվում: Բայց եթե ես փորձում եմ նայել այս գործընթացին անաչառ հայացքով, կներեք, կոչել ԲՀԿ-ն այլ բան, քան ընդդիմադիր ուժ, ուղղակի հնարավոր չէ»:
ՀԱԿ-ը արմատական ընդդիմություն է, բայց բոլոր ուժերը չէ, որ նման կեցվածք ունեն. ԲՀԿ-ն տատանվում է կոնֆորմիզմի և ընդդիմանալու միջև, բայց դրանից նրա ընդդիմադիր լինելը չի նվազում, կարծում է Զուրաբյանը:
«Դա բնական պրոցես է: Այդ վարքի համար պատասխանատու է միայն ինքը` ԲՀԿ-ն: Մենք պատասխանատու ենք միայն մեր վարքի համար, բայց մեր որակումների համար նույնպես պատասխատանու ենք, և ես կարծում եմ, որ մեր որակավորումները միգուցե ավելի ճիշտ են, քան թե իրենց կողմից ներկայացվածները», - նշեց ՀԱԿ-ի փոխնախագահը:
Զուրաբյանն ասաց` Ծառուկյանի վերջին հայտարարությունից հետո էլ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը շարունակվելու է, ՀԱԿ-ի հաշվարկները ԲՀԿ-ի հարցում չեն տապալվել: